13/12/2022 10:25
«Հրապարակ». ԱԺ նախագահի Քաթար գործուղման հետ կապված ճանապարհածախսը վճարվել է պետական բյուջեից
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահի խորհրդատու-օգնական Համլետ Գևորգյանի և ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Հակոբ Հաջի Հակոբյանի՝ Քաթար գործուղման հետ կապված ճանապարհածախսը վճարվել է ՀՀ 2022 թ. պետական բյուջեով՝ ԱԺ-ին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ մեր հարցին պատասխանել են ԱԺ-ից։ Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Քաթարի կառավարության հրավերով և ծախսերով մեկնել էր Քաթար, նրան ուղեկցել էին Համլետ Գևորգյանն ու Հակոբ Հաջի Հակոբյանը՝ պետբյուջեի հաշվին։
ԱԺ-ից տեղեկացրել են նաև, որ ավիատոմսերի համար ծախսվել է 918 հազար 112 ՀՀ դրամ, օրապահիկ է hատկացվել, որը, ըստ կառավարության համապատասխան որոշման 2-րդ հավելվածի, կազմում է 117 դոլար, գիշերավարձի ծախսերը՝ 191 դոլար, 2 անձի դեպքում՝ համապատասխանաբար, 234 և 382 դոլար։ Հիշեցնենք նաև, որ Հակոբ Հաջի Հակոբյանը նախկինում աշխատել է ԱԳՆ-ում՝ եղել է հյուպատոսական վարչության պետ, 2012-13 թվականներին դատվել է հյուպատոսական անօրինական գործարքների համար։ Մոտ մեկ տարի առաջ է ընդունվել ԱԺ-ում աշխատանքի։ Նրա դուստրը Ռուբեն Ռուբինյանի ընկերուհին է և ԱԺ պատգամավորի օգնական»։