13/12/2022 16:14
ԿԲ կանխատեսումների համաձայն՝ գնաճի որոշակի արագացում կլինի դեկտեմբերին. Մարտին Գալստյան
Համաշխարհային տնտեսությունից Հայաստանի տնտեսության վրա ակնկալվում է գնաճային ազդեցության թուլացում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա ասաց, թե ներմուծվող պարենային գների աճը որոշակիորեն դանդաղում է։
«Վերջինը նպաստում է գնաճի իրավիճակի մեղմմանը, այնուամենայնիվ, պահպանվող բարձր պահանջարկի ու բարձր գնաճային սպասումների ազդեցությունը դեռևս շարունակում է էական նշանակություն ունենալ գնաճի վարքագծում», - ասաց ԿԲ նախագահը։
Գալստյանն ընդգծեց՝ դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճը աստիճանաբար կնվազի ու միջնաժամկետ հորիզոնում կկայունանա նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ։
ԿԲ կանխատեսումների համաձայն՝ գնաճի որոշակի արագացում կլինի դեկտեմբեր ամսին, սակայն՝ մի փոքր ավելի ցածր, քան նախկինում ակնկալվում էր։
«Այս պահի դրությամբ՝ մեր կանխատեսումը տարվա համար 9-9,5 տոկոսի միջակայքում է», - հավելեց Մարտին Գալստյանը։