13/12/2022 18:37
Մանկահասակ Դավիթի հետ նախ՝ Ազատության հրապարակ, ապա՝ դեպի դեսպանատներ՝ ի պաշտպանություն շրջափակված Արցախի
Չնայած վատ եղանակին՝ փոքրիկ Դավիթի հետ ի պաշտպանության շրջափակված Արցախի ակցիային մասնակցելը ծնողները պարտադիր են համարում, ինչպես որ պարտադիր են համարել 44-օրյա պատերազմից հետո երեխայի հետ Արցախ գնալը։ Դավիթի հայրն ասում է՝ առանց Արցախի Հայաստանը չի կարող լինել։ Որդուն այս գաղափարով է դաստիարակում Բորիսը՝ հույս հայտնելով, որ իրենց օրինակը վարակիչ կլինի։
Հարցին, թե ակցիաներին մասնակցելով ի՞նչ ակնկալիքներ ունեն, պատասխանում է՝ հավատում ենք, որ մեկ ձայնն էլ կարող է իրավիճակ փոխել, ընտանիքի ձայնը՝ առավել ևս։
Հանուն Արցախի անվտանգության ակցիաներին մասնակցելու պատասխանատվություն զգում է նաև 12-րդ դասարանի աշակերտը։ Արեգն ասում է՝ ուրախ կլիներ, եթե ավելի շատ մարդ մասնակցեր ակցիաներին, հատկապես ավագ սերնդից ունի ակնկալիքներ։
«Իմ տարիքն ու փորձը հնարավորություն չեն տալիս իրավիճակից ելքեր գտնել, բայց իմ ու ընկերներիս ներկայությունն ուզում եմ ազդակ դառնա ավագ սերնդին, որ մենք պատրաստակամ ենք և իրենցից էլ վճռական քայլեր ենք ակնկալում՝ հանուն Արցախի, հանուն մեր պետականության», - ասում է նա։
«Ես Արցախից եմ», «Կանխենք Արցախում ցեղասպանությունը», «Ուզում ենք տուն գնալ», «Մասնակից մի դարձեք Արցախի հայաթափմանը» գրությամբ պաստառները Անին է պատրաստել, ասում է՝ չի կարող համակերպվել իրավիճակին, ինչպես որ երկու տարի է՝ չի համակերպվում տունը՝ Հադրութը կորցնելուն։
«Ես ուրիշ ոչ մի բան չեմ կարողանում անել, գոնե պիտի ակցիաներին մասնակցեմ»։ Անին դիմում է տարեկիցներին՝ Բրյուսովի համալսարանի խնդրի համար քանի երիտասարդ դուրս եկավ փողոց, երիտասարդները պիտի հասկանան՝ առանց Արցախի վտանգված է հայկական պետականությունը, հետևաբար՝ նաև իրենց ուսանելու իրավունքն ու հնարավորությունը։