14/12/2022 15:17
Ռուսաստանը պատրաստվում է հասցեական հայտարարություն անել, որին հայ ժողովուրդը վաղուց է սպասում. հուսանք՝ այս անգամ հուսախաբ չեն անի. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ հարևան երկրները դեռ չեն հասկացել, որ Հայաստանում կան կարմիր գծեր։
«Այդ կարմիր գծերը մեր համար հստակ են ու մենք դրա մասին խոսել ենք։ Նման գործողություններով մեզ բան պարտադրել չի լինի՝ թեկուզ այն բանից ելնելով, որ էլ տեղ էլ չկա որևիցե բան պարտադրելու, մենք դրա մասին ասել ենք ու, կարծում եմ, որ իմ ակնարկը տեղ կհասնի ու կհասկանան, որ այս տարբերակը չի աշխատի», - ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Սիմոնյանը։
Նա ասաց, որ Հայաստանը շատ լրջորեն պետք է միջազգային գործընկերների հետ քննարկի միջազգայի մանդատի հարցն ու ԵԱՀԿ Մինսկի հարթակի 12 անդամ երկրների դիտորդական առաքելություն ունենալն Արցախի տարածքում։
Սիմոնյանի խոսքով՝ անկախ նրանից, թե այս պահին Հայաստանը բավարարված է, թե ոչ ՌԴ խաղաղապահների մանդատից, այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ խաղաղապահ ուժերն անհրաժեշտ են Արցախում։
ԱԺ նախագահն ասաց, թե պետք է երկարաձգվի ռուս խաղաղապահների մանդատը Արցախում։
«Միգուցե, մենք պետք է դիտարկենք ոչ միայն ՌԴ խաղաղապահների, այլ նաև միջազգային այլ ֆորմատների միջոցով Արցախում հսկողություն իրականացնելը», - ընդգծեց Սիմոնյանը։
Նա ասաց, թե, իրենց տեղեկություններով, Ռուսաստանը պատրաստվում է հասցեական հայտարարություն անել։
«Դրան հայ ժողովուրդը վաղուց է սպասում, հուսանք՝ այս անգամ հուսախաբ չեն անի մեր գործընկերները», - ընդգծեց ԱԺ նախագահը։