14/12/2022 16:24
«Դե, պահպանեք այդ «անկողմնակալությունը», քանի մարդիկ սպանվում են այնտեղ․ Անկողմնակալությու՞նն է կարևոր, թե՞ կոնկրետ ճշմարտությունն ասելը»․ Արցախի ՄԻՊ-ը՝ միջազգային կառույցներին
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ ինչ ակնկալիքներ ունի Արցախը միջազգային հանրությունից, միջազգային կառույցներից, որոնք, Գեղամ Ստեփանյանի գնահատմամբ, իրականում տեղեկացված են Արցախում տիրող իրավիճակից, սակայն ձեռնպահ են մնում կոնկրետ քայլեր կատարելուց։
«Երբեմն ինձ էլ էր թվում, որ անընդհատ խոսելով մարդու իրավունքների խախտումների մասին, ես լսելի չեմ լինում միջազգային տարբեր հարթակներում, բայց Եվրոպա կատարած մի քանի այցերի ընթացքում համոզվել եմ, որ տեղեկատվության իրապես տիրապետում են․ մեր կազմած զեկույցները հասնում են նրանց, տեսնում են, ծանոթանում են, բայց գործողություններ չեն ձեռնարկվում»,- ասաց Գեղամ Ստեփանյանը՝ հավելելով՝ միջազգային հարթակներում արդարացումը մեկն է՝ իրենք «անկողմնակալություն են պահպանում»։
«Երբ ես ուղիղ հարց եմ տալիս՝ ինչի՞ համար գործողություններ չեք ձեռնարկում, ստանում եմ պատասխան՝ մենք պահպանում են անկողմնակալություն։ Դե, պահպանեք այդ անկողմնակալությունը, քանի մարդիկ սպանվում են այնտեղ։
Այսինքն, անկողմնակալությու՞նն է կարևոր, թե՞ կոնկրետ ճշմարտությունն ասելը։ Այ, դա է իմ պահանջը։ Միջազգային կառույցների հետ խոսելիս ես դա եմ առաջ մղում․ իհարկե, հասկանում եմ՝ ձեր անկողմնակալությունը ձեր գործունեության երաշխիքն է, բայց աչք փակել իրականության վրա, արդեն աբսուրդային է ու տրամաբանությունից դուրս»,- շեշտեց Արցախի օմբուդսմենը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանն արդեն երրորդ օրն է՝ «բնապահպանական» կեղծ պատճառաբանություններով փակ է փակում Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ հումանիտար ճգնաժամ ստեղծելով Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում։ Նախօրեին Ադրբեջանը դադարեցրել է նաև Արցախի գազամատակարարումը՝ օգտվելով այն հանգամանքից, որ խողովակաշարի մի հատվածը, որով Արցախ երկնագույն վառելիք է մատակարարվում, գտնվում է իր վերահսկողության ներքո։