14/12/2022 17:53
Մենք Արցախին մենակ թողնելու իրավունք չունենք․ հանձնվելու, պարտվելու իրավունք չունենք․ Տիգրան Աբրահամյան
Այս իշխանության համառ ջանքերով Հադրութը, Շուշին, Քաշաթաղը, Քարվաճառը, մեր հայրենիքի անբաժան հատվածները հանձնելուց հետո է, որ այսօր Հայաստանն Արցախին կապող ճանապարհը դարձել է այսքան խոցելի, Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Իշխանությունն ամեն ինչ անում է՝ մարդկանց ուշադրությունը միայն սոցիալական, հումանիտար բնույթի հարցերի վրա կենտրոնացնելու համար, ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը՝ հավելելով՝ ճանապարհը բացելուց զատ, մեր առաջնային խնդիրն է համախմբված հայության ջանքերով՝ տուրք չտալ Ադրբեջանի ներկայացրած վերջնագրերին։
«Հայ ժողովրդի համար այս կարևոր փուլում յուրաքանչյուրը պետք է օգտագործի իր հնարավորությունները։ Միջազգային կառույցները, երկրներն ունեն Ադրբեջանին ճնշելու և այս ամենից հետ կանգնեցնելու մեթոդները»,- ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ անգործությունը վաղը շատ ավելի ծանր հետևանքների կհանգեցնի։ Միջազգային ճնշումից բացի, Արցախն ունի նաև Հայաստանի և Սփյուռքի սատարման կարիքը։
«Մենք Արցախին ոչ մի պայմանում, ոչ մի դեպքում մենակ թողնելու իրավունք չունենք։ Մենք հանձնվելու, պարտվելու իրավունք չունենք։ Միայն միասին կարող ենք խնդիրները կարգավորել»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը։