14/12/2022 16:02
Այս իրավիճակը շարունակվելու է այնքան, մինչև թուրքը չզգա, որ հայը մենակ ու վախվորած չէ. Կամո Աթայան
44-օրյա ավերիչ պատերազմից հետո, առայսօր ականատեսն ենք հայ ժողովրդին ամենուր նվաստացման, Արցախում գերիշխող բարձունքների, բնակավայրերի գրավման, տեղի հայերի նկատմամբ հոգեբանական ամենօրյա ճնշման, գազի, հոսանքի մատակարարումների դիտավորյալ խափանման, «բնապահպաններով», Ստեփանակերտ-Գորիս՝ Արցախը ՀՀ-ին ու աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհի արգելափակման գործողությունների: Դա թուրքադրբեջանական տանդեմն իրականացնում է մանրակրկիտ և հետևողականորեն:
Այս իրավիճակը շարունակվելու է այնքան, մինչև թուրքը չզգա, որ հայը մենակ ու վախվորած չէ։
Ի՞նչ է պետք անել առանց վարանելու և վախենալու: Կրկնում եմ՝ առաջին քայլը պետք է լինի ՀՀ ԱԺ-ի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչելը՝ միջազգային իրավունքի տառին ու ոգուն համապատասխան ընթացակարգերով: Դրան զուգահեռ անհրաժեշտ է ուղերձ հղել ՄԱԿ-ին ու աշխարհի բոլոր պառլամենտներին, որտեղ հակիրճ պետք է ներկայացվի հարցի պատմությունն ու հատկապես դեպի հերթական ցեղասպանություն տանող ներկան, երբ 120000 մարդ գտնվում է շրջափակման մեջ ու հումանիտար աղետի շեմին՝ անջատված գազամատակարարման ու հավանաբար շուտով նաև՝ էլեկտրամատակարարման ու կապի պայմաններում։
Հայկական անկարող, անբովանդակ իշխանությունները գոնե այսքանից հետո պետք է հասկանան, որ եթե ՀՀ-ն կոնկրետ որևէ քայլ առ Արցախ հիմա չկատարի, բոլոր հարցերը թուրքը իր ձևով լուծելու է և ինչպես պատմության ողջ ընթացքում ՝ մնալու է անպատիժ։
Այո՛, ուժն ու միասնությունն են ծնում իրավունքը, եկեք բռունցքվենք, կրկին վերգտնենք հաղթող հային՝ մեր մեջ սպանելով անտարբեր հային, այլապես կորցնելու ենք և՛ Արցախը, և՛ Հայաստանը, և՛ մեր ինքնությունը։