14/12/2022 17:01
Սա ամբողջ ժողովրդի հանդեպ ահաբեկչություն է, որը տանում է Արցախի հայ բնակչության ոչնչացման ու էթնիկ զտման․ Արտակ Բեգլարյան
Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև նստացույցի ժամանակ հնչեցրեց գլխավոր պահանջն՝ ուղղված միջազգային հանրությանը, առաջին հերթին՝ ՄԱԿ-ին։ Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պարտավորությունն է Արցախում տեղի ունեցողին պատշաճ արձագանքելը։
«Սա ամբողջ ժողովրդի հանդեպ ահաբեկչություն է․ ոչ միայն հոգեբանական ահաբեկչություն, այլ նաև կենսական կարիքների շահերի տեսանկյունից ահաբեկչություն, ինչը տանում է Արցախի հայ բնակչության ոչնչացման ու էթնիկ զտման: Հետևաբար, ՄԱԿ-ի ԱԽ-ի, մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պարտավորությունն է շատ արագ արձագանքել, այլապես կարող է ուշ լինել, և իրենք իրենց պարտավորությունները կատարած չեն լինի, այլապես Արցախի բնակչությունը ստիպված է լինելու իր ունեցած ամբողջ գործիքակազմը կիրառել՝ իր իրավունքները ամբողջապես պաշտպանելու նպատակով»,-ասաց Արտակ Բեգլարյանը:
Նա կարևորեց նաև Հայաստանի հասարակության ակտիվությունը՝ պահանջատիրոջ կարգավիճակով, ինչպես նաև սփյուռքի ավելի մեծ մոբիլիզացիան։