14/12/2022 19:16
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լին Թրեյսիի հետ․ քննարկվել է նաև Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
Դեկտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Հանդիպման ընթացքում մասնավոր անդրադարձ է կատարվել վերջին օրերին Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղը հայտնվել է շրջափակման մեջ։ Վեհափառ Հայրապետը, դատապարտելով սույն իրողությունը, ընդգծել է, որ Ադրբեջանի նպատակը Արցախի հայաթափումն է, իսկ նման հայատյաց քաղաքականությունը հանգեցնելու է հումանիտար աղետի։
Իրավիճակի հանգուցալուծման համար Նորին Սրբությունը կենսական է նկատել միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների համարժեք միջոցառումները՝ ի խնդիր Ադրբեջանի վայրագ գործողությունների կասեցման։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել են նաև պատերազմի հետևանքների հաղթահարման, Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայկական պատմական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Այս կապակցությամբ Նորին Սրբությունն իր գնահատանքն է փոխանցել ի դեմս դեսպանի ԱՄՆ իշխանություններին պատերազմի ու հետպատերազմյա շրջանում Հայաստանին ցուցաբերած զորակցության համար։