14/12/2022 20:05
Արցախում պասիվ պատերազմ է․ Երվանդ Թարվերդյան
«Այսօր բնապահպանների անվան տակ, իբրև բնապահպանության մասին մտահոգ մի խումբ ազերիներ իրականացնում են հերթական սադրանքը», - «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը:
Նրա խոսքով` այսօր Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարելի է անվանել պասիվ պատերազմ.
«Սա անգամ կարելի է պասիվ պատերազմ անվանել: Այստեղ է, որ Հայաստանի իշխանությունները, որպես եռակողմ հայտարարության կողմ, կոշտ հայտարարությամբ պետք է դիմեն Ռուսաստանի դաշնությանը` որպես 44-օրյա պատերազմի կասեցման և նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրում իր կարևոր դերն ունեցող կողմի: Որոշ պատգամավորների հայտարարությունները փաստում են, որ հարցը կարող է կարգավորվել ռուս խաղաղապահների կողմից, խաղապահներն ունեն եռակողմ հայտարարության, այսպես ասած, մանդատը, սակայն հարցը կանոնակարգողը սահմանել են այն երեք պետությունները, որոնք ստորագրել են փաստաթղթի տակ: Ճիշտ չէ, երբ նման իրավիճակում առանձին պատգամավորներ են խոսում Ռուսաստանին դիմելու անհրաժեշտության մասին։ Ունենք երկրի ղեկավար և նա պարտավոր է բարձրաձայնել խնդիրը»- նշել է Երվանդ Թարվերդյանը։
Հարցին՝ խնդրի լուծումը տեսնում եք միայն Ռուսաստանի՞ միջնորդությամբ, Թարվերդյանը պատասխանել է. «Արևմուտքն արել է անատամ բազում հայտարարություններ, և ես չեմ կարծում, որ նման հարցերն Արևմուտքը կարող է կանոնակարգել: 44-օրյա պատերազմի ընթացքը մեզ պարտավորեցնում է հիշել, որ արյունահեղությունը դադարեց Ռուսաստանի միջնորդությամբ»։