14/12/2022 10:08
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանին քննադատող, նույնիսկ հայհոյող Լեռնիկ Պետրոսյանը դարձավ ռեկտորի ԺՊ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի ռեկտորի ԺՊ է նշանակվել մանկավարժական գիտությունների դոկտոր Լեռնիկ Պետրոսյանը, ով միշտ քննադատել է, որոշ շրջանակներում՝ նույնիսկ հայհոյել Նիկոլ Փաշինյանին։ Չնայած ՔՊ-ն դեմ էր նրա նշանակմանը, մեր աղբյուրները փաստում են, որ ԱԺ սյունեցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը 42 էջանոց նամակ է գրել վարչապետին՝ նշելով, թե ինչու չի կարող Պետրոսյանը նշանակվել, սակայն կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմ պատգամավոր Դավիթ Դանիելյանի ջանքերով Դումանյանը հասցրեց ստորագրել նրա որոշումը, ու երեկ՝ դեկտեմբերի 13-ին, հենց Դանիելյանն էլ Պետրոսյանին ներկայացրել է կոլեկտիվին։
Լավատեղյակները զարմացած են Դավիթ Դանիելյանի այս պահվածքից, քանի որ գիտեն, թե ինչ անձնուրաց սիրով է նա սիրում վարչապետին, մի առիթով անգամ ասել է, թե կկրծի այն մարդու կոկորդը, ով Փաշինյանի հասցեին թթու խոսք կասի։ Իսկ ռեկտորի ԺՊ-ն անցած տարվա հունվարին վերջինիս հրաժարականն էր պահանջում և դիֆերամբներ ձոնում ՀՓՇ-ի վարչապետացու Վազգեն Մանուկյանի հասցեին. «Կասկածից վեր է, որ ներկա բարդագույն ժամանակաշրջանում հենց Վազգեն Մանուկյանի նման փորձառու ղեկավարը կարող է ստանձնել երկրի վարչապետի պաշտոնը և անել հնարավոր առավելագույնը՝ ինչ-որ չափով շտկելու այն ծանր հետևանքները, որ ստեղծվել են մեր պետության և ազգի համար՝ նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարության հետևանքով»:
Պետրոսյանը ծնվել է 1959 թ., 63 տարեկան է ու պաշտոնավարման համար քիչ ժամանակ ունի։ Մանավանդ, եթե բուհերի օպտիմալացման արդյունքում միացվեն Գորիսի պետական համալսարանն ու ճարտարագիտականի Կապանի մասնաճյուղը»։