14/12/2022 14:49
Թող Հայաստանում ՌԴ դեսպանը վեր կենա, գնա Լաչին, իրենց պետությունն է խայտառակվում. ՔՊ-ական պատգամավոր (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպանին կոչ է անում գնալ Լաչին։
«Եթե Ռուսաստանը չի կարողանում, պիտի խնդրի մյուսներին», - ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց նա։
Խաչատրյանը նշեց, թե իր համար անհասկանալի է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի պահվածքը։
«Թող վեր կենա, գնա Լաչին, իրենց պետությունն է խայտառակվում», - ասաց ՔՊ-ականը։
Նա ասաց, թե Ռուսաստանին պետք է ոչ թե կոչ անել, այլ պահանջել, որ կատարի պարտականությունները, իսկ արևմտյան գործընկերներին պետք է ոչ թե կոչ անել, այլ՝ խնդրել։
Նշենք, որ Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել, որը նախաձեռնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
ՔՊ-ն առաջարկում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասով հայտարարություն ընդունել։
Ընդդիմությունը լքել է նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ ՔՊ-ի ներկայացրած օրակարգը համարժեք չէ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին։