15/12/2022 21:09
Ո՞ր տարիքից սկսած՝ երեխաներին պետք է տանել թանգարաններ, ցուցասրահներ և ծանոթացնել բարձր արվեստին
Ժամանակակից հայրիկներն ու մայրիկները հաճախ են իրենք իրենց հարց տալիս՝ ե՞րբ, ո՞ր տարիքից սկսած՝ երեխային պետք է ծանոթացնել բարձր արվեստին, նրա հետ այցելել թանգարաններ, ցուցահանդեսներ, մշակութային կենտրոններ։
Մանկական հոգեբանները խորհուրդ են տալիս երեխայի և արվեստի «շփումն» սկսել ամենավաղ տարիքից։ Չէ՞ որ փոքրիկները տանն էլ սիրում են դիտել վերատպված նկարներով՝ ռեպրոդուկցիաներով ալբոմներ, թերթել նկարազարդ գրքեր։
Եթե տանը արվեստի գործերի՝ հայտնի կտավների ռեպրոդուկցիաներով ալբոմներ կան, արվեստի հետ առաջին ծանոթությունը կարելի է սկսել հենց այդտեղից, երեխայի հետ դիտել նկարները, պատմել դրանց բովանդակության, հեղինակի մասին, բացատրել կտավի արժեքը, աստիճանաբար երեխայի մոտ ձևավորել բարձր ճաշակ։ Այսպիսի գրքեր զննելուց հետո երեխան շատ ավելի մեծ հաճույքով ու հետաքրքրությամբ կայցելի ցուցասրահներ, որտեղ կարող է տեսնել այն կտավների բնօրինակները, որոնց մասին տեղեկացված է։
Ինչպիսի՞ն պետք է լինի առաջին այցելությունը թանգարան կամ ցուցասրահ
Տեղին չեն որոշ ծնողների մտահոգությունները, որ երեխան կարող է ձանձրանալ թանգարանում կամ ցուցասրահում , քանի որ «ոչինչ չի հասկանա»։ Իրականում, ինչպես նշում են մանկական հոգեբանները, այսպիսի վայրերի մթնոլորտը դրական ազդեցություն է ունենում երեխայի վրա, հարստացնում է նրա ներաշխարհը, նպաստում բարձր ճաշակի ձևավորմանը։
Երեխայի էսթետիկ դաստիարակությունը պետք է սկսել վաղ նախադպրոցական տարիքից, նույնիսկ 2-3 տարեկանից, իսկ մինչ այդ նրան «նախապատրաստելիս» պետք է պատմել, թե որտեղ եք պատրաստվում այցելել, ինչեր են այնտեղ ցուցադրված, երբ են դրանք ստեղծվել, ինչի մասին են պատմում։ Ցուցասրահներ այցելելուց առաջ, վերարտադրված նկարներ դիտելուց բացի, կարելի է նաև երեխայի հետ սեղանի խաղեր խաղալ, որտեղ խաղաքարտերին պատկերված են հայտնի քանդակներ կամ դրվագներ հայտնի կտավներից։ Բնօրինակները տեսնելուց հետո երեխայի հետ պետք է զրուցել՝ հասկանալու համար՝ ինչպիսին են նրա տպավորությունները, համեմատե՞լ է արդյոք նա իրեն ծանոթ «կերպարներին»՝ բնօրինակների հետ և ի՞նչ տարբերություններ է նկատել։
Առաջին այցը ցուցասրահ պետք է կարճատև լինի և ոչ շատ հագեցած, որպեսզի երեխան հասցնի մարսել, կլանել ստացած ինֆորմացիան, ամենակարևորը՝ չհոգնել։ Առաջին անգամ ցուցասրահ այցելելիս կարելի է սահմանափակվել միայն մի քանի կտավ դիտելով։ Կարելի է նաև այցի ընթացքում փոքրիկ «ընդմիջում» անել․ այցելել մոտակա սրճարան, մի բաժակ թեյ կամ կակաո խմել՝ կարկանդակով, ապա վերադառնալ մշակութային կենտրոն ու շարունակել ծանոթությունն արվեստի հետ։
Ավելի ճիշտ կլինի երեխայի և արվեստի ծանոթությունն սկսել դասական գործերի ցուցադրումից։ Որպես կանոն, փոքրերը ռեալիստական ժանրի «սիրահար» են, նրանց ավելի շատ գրավում են դրվագներ՝ իրենց ծանոթ կյանքից, պատկերված իրեր ու առարկաներ, որոնց բովանդակությունն ավելի հասանելի է, սակայն դասական ժանրի գործերին ծանոթացնելը երեխայի մոտ բարձր ճաշակ ձևավորելու անքննարկելի նախապայման է մնում։
Ինչ վերաբերում է իմպրեսիոնիզմին, ապա այն գրավում է նախադպրոցական տարիքի երեխաներին, քանի որ կտավները պարզ, վառ գույներով են, սյուժեները՝ հասկանալի։ Ժամանակակից արվեստի գործերը նույնպես օգնում են զարգացնել երեխաների երևակայությունը, բայց շատ պատկերումներ, ցավոք, ոչ այնքան էսթետիկ են համարվում փոքր տարիքի երեխաների համար։
Երեխաները շատ են սիրում նաև քանդակներ դիտել, հատկապես, եթե դրանք մեծ են և կարելի է ուսումնասիրել տարբեր կողմերից։
Ինչ վերաբերում է տխուր, ողբերգական սյուժեներով կտավներին կամ համաշխարհային շեդեվրներին, որտեղ մերկ մարդկանց պատկերներ կան, ապա դրանք շատ փոքր տարիքի ոչ բոլոր երեխաներին է խորհուրդ տրվում ցուցադրել, քանի որ նրանք շատ տպավորվող են։ Բարձր արվեստին ծանոթանալու ժամանակն անսպառ է, ամեն ինչ պետք է անել աստիճանաբար, հատկապես, որ մարդն ամբողջ կյանքի ընթացքում միշտ նոր բաներ է բացահայտում՝ համաշխարհային արվեստի գլուխգործոցները դիտելիս։