15/12/2022 20:33
Մանկության հիշողությունները վառ պահելու մի շարք եղանակներ հոգեբանից
Մանկության հիշողությունները մեծ կարևորություն ունեն մեծահասակների կյանքում։ Շատերի մոտ դրանց պակասը կարող է սթրեսի և հոգեբանական դեպրեսիայի պատճառ դառնալ։
Այս հետաքրքիր թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է հոգեբան Մերի Հարությունյանի հետ՝ պարզելու, թե ինչ կարող ենք անել, որպեսզի հնարավորինս շատ հիշողություններ և դրական լիցքեր պահպանենք:
«Կյանքի դժվարին պահերին մարդն ամենից հաճախ հայացք է գցում անցյալին, հիշում դեպքեր մանկությունից։ Մեր գիտակցությունը, հղում անելով մանկությանը, կարծես թե, ստուգում է ներկա իրավիճակը և համեմատություններ կատարում:
Եվ երբ չափահաս կյանքում մենք բախվում ենք իրականությանը և մեր ներքին ճանապարհի միջև անհամապատասխանություն է ստեղծվում, որի պահապանը մանկության հիշողություններն են, մենք ձգտում ենք կամ փոխել իրականությունը ցանկալի ձևի, կամ տրվում ենք դեպրեսիաների և մեկուսացման»,- ասաց հոգեբանը:
Հոգեբանի խոսքով, բոլոր նման իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ավելի ուշ, երբ արդեն ձևավորվել է երեխայի աշխարհայացքը, իրենց ողջ հուզականությամբ, ունենում են միայն գործնական նշանակություն։ Վաղ մանկության տարիներին, երբ մեր մտքում ստեղծվում է ներքին եսը, հիշողությունները դառնում են խորհրդանշական՝ շատ առումներով որոշելով ապագա ճակատագիրը:
«Այսօրվա դինամիկ աշխարհում, որտեղ մարդը հասարակության մեջ իրացվում է կոնկրետ խնդիր լուծելով, մարդիկ հաճախ հանդիպում են ներքին խոչընդոտների, որոնք խանգարում են հասնել որոշակի նպատակի: Նման դեպքերում օգնության են գալիս հիշողությունները, ստիպում վերարժևորել անցած ճանապարհն ու վստահել սեփական ուժերին»,- ասաց նա։
Հոգեբանները, որոնք կոչված են օգնելու նման իրավիճակում հայտնված մարդուն և գտնելու խնդրի պատճառները, իրենց հետազոտություններում գրեթե միշտ հանգում են մանկության հիշողությունների խնդրին։ Եվ այստեղ ահա մանկական հիշողությունները, որոնք փոխանցվում են մեզ հուզական պատմության, տպավորությունների միջոցով, կարող են և՛ դրական, և՛ բացասական դեր ունենալ սոցիալականացման մեջ։
Տարբեր մասնագետներ կարծում են, որ հիշելու մեր կարողությունը սերտորեն կապված է լեզվական հմտությունների հետ։ Այսինքն՝ իրադարձությունները կարող ենք հիշել միայն այն «կոդավորելով»։ Եվ այս ունակությունն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ մարդը սովորում է խոսել։
Հոգեբանները հանգել են այն եզրակացությանը, որ որքան փոքր է երեխան, այնքան ավելի լավ է հիշում հենց այն հիշողությունները, որոնք պարբերաբար քննարկվում են և ավելի լավ պահպանվում ենթագիտակցության մեջ:
Զրույցի վերջում հոգեբան Մերի Հարությունյանը ծնողներին տվեց մի շարք խորհուրդներ, որպեսզի երեխաների մեջ վառ պահեն մանկական հիշողությունները և արժևորեն միասին անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը.
Ամեն երեկո երեխայի հետ քննարկեք օրը. Այն երեխայի համար մտերիմ ընկեր լինելու լավագույն միջոցն է։
Երեխային հնարավորություն տվեք արտահայտվելու. Իհարկե, մենք կարող ենք ավելի լավ միտք ձևակերպել, բայց երեխան նույնպես պետք է սովորի արտահայտել իր մտքերը:
Մի՛ ընդհատեք նրան. Որպես օգնություն կարող եք տալ ուղղորդող հարցեր։ Այսպիսով, դուք կսովորեցնեք երեխային ճիշտ ձևավորել խոսքը և միևնույն ժամանակ «գրանցել» հիշողությունները։
Ձեր փոքրիկի ուշադրությունը հրավիրեք նաև մանրուքների վրա:
Երեխաները հիմնականում չեն հիշում կոնկրետ իրադարձությունները, այլ այն տպավորությունները, որոնք ստեղծվում են այդ պահին: Ուստի փորձեք քննարկել երջանիկ օրերին ապրած զգացմունքներն ու հույզերը։ Կարծիք կա, որ հենց այդպիսի իրադարձություններն են ձևավորում ապագա չափահասի հոգեբանությունը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։