15/12/2022 16:44
Եվրոպական միությունը պետք է հասկանա, որ չեզոքություն ու «անկողմնակալություն» պահելով՝ նպաստում է, որ Արցախի ժողովրդի իրավունքներն ամենօրյա ռեժիմով խախտվեն․ Արցախի ՄԻՊ
Շարունակվում են Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի նախաձեռնած ակցիաները՝ Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ։ Ակցիաների նպատակն է հասնել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրանքների հասցեական դատապարտմանը, գործնական քայլերի՝ ուղղված Արցախի առաջ ծառացած հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը։
Ակցիայի մասնակիցները քիչ առաջ Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակի մոտ էին։
«Եվրամիությունը, որն աշխարհում մարդու իրավունքների և ազատությունների վրա հիմնված կառույց է, համենյն դեպս, մենք այդպես գիտենք, որովհետև այդպես է ԵՄ-ն ներկայանում աշխարհին, այսօր իրավունք չունի լռելու այն հանցագործությունների, այն հանցավոր քաղաքականության վերաբերյալ, որը վարում է Ադրբեջանն Արցախի նկատմամբ»,- գրասենյակի դիմաց հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նա ընդգծեց՝ Եվրամիությունից ակնկալում են ոչ միայն հայտարարություններ և ոչ թե չեզոքություն ու «անկողմնակալություն», այլ կոնկրետ քայլեր, որոնք կկասեցնեն Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության շարունակականությունը։
«Եվրոպական միությունը պետք է հասկանա, որ այսօր Արցախում 120 000-ից ավելի մարդ պատանդի կարգավիճակում է հայտնվել՝ Ադրբեջանի քմահաճույքների պատճառով։
Եվրոպական միությունը, որն այսօր մասնակցում է հակամարտության կարգավորման գործընթացին, համենայն դեպս, ջանքեր է ներդնում, պետք է հասկանա, որ նման չեզոքություն ու «անկողմնակալություն» պահելով՝ ուղղակի նպաստում է, որ Արցախի ժողովրդի իրավունքներն ամենօրյա ռեժիմով խախտվեն»,- ընդգծեց Արցախի ՄԻՊ-ը։