15/12/2022 12:03
Անհեթեթ, և նույնիսկ տգետ են բոլոր այն պնդումները, թե Հայաստանը բանավոր խոստում է տվել որևէ մեկին. Փաշինյան (Տեսանյութ)
Ադրբեջանը շարունակաբար և կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ պնդելով, թե ՀՀ-ն պետք է միջանցք տրամադրի, Գործադիր մարմնի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բազմիցս եմ ասել, որ ՀՀ տարածքով որևէ միջանցքի գոյություն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի նախատեսում։ Նման բան չի նախատեսում նաև Հայաստանի կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ։ Բնականաբար, անհեթեթ, և նույնիսկ տգետ են բոլոր այն պնդումները, թե Հայաստանը բանավոր նման խոստում է տվել որևէ մեկին։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ՀՀ-ն պատրաստ է եռակողմ հայտարարության 9-րդ կետի դրույթների իրականացմանը, որոնք տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին են», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ եռակողմ հայտարարությունն այս գործընթացում ՀՀ սուվերենության որևէ սահմանափակում չի նախատեսում, հետևաբար, Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է ճանապարհների վերաբացմանը, նոր ճանապարհների կառուցմանը և շահագործմանը, ինչպես նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ։