15/12/2022 20:13
Արցախում սահմանվել է վառելիքի ձեռքբերման հատուկ կարգ․ բենզին և դիզելային վառելիք գնելու համար տրամադրվում են կտրոններ
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանն ուղղված միջոցառումների շրջանակում սահմանվել է վառելիքի ձեռքբերման հատուկ կարգ, տեղեկացնում է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն։
«Մասնավորապես, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, տնտեսավարող սուբյեկտները, ինչպես նաև ֆիզիկական անձինք վառելիքի ձեռքբերման թույլտվություն ստանալու նպատակով թղթային կամ էլեկտրոնային եղանակով Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբ են ներկայացնում վառելիքի ձեռքբերման հայտ՝ նշելով վառելիքի տեսակը, քանակը, օգտագործման նպատակը և այլ անհրաժեշտ տվյալներ, որոնք ուսումնասիրվելուց հետո Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվում են վառելիքի ստացման կտրոններ՝ բենզինի և դիզելային վառելքի մանրածախ վաճառքի կետերից գնում կատարելու թույլտվության վերաբերյալ:
Հաշվի առնելով վառելքի պաշարների քանակը՝ կտրոնների տրամադրման առաջնահերթությունը որոշվում է ըստ գործունեության տեսակի և անհրաժեշտության. առաջնահերթ բավարարվում են առողջապահական հիմնարկների, հատուկ ծառայությունների, հանրային տրանսպորտի, հացի և պարենային ապրանքների մատակարարման աշխատանքների անխափան կազմակերպման, հուղարկավորությունների կազմակերպման համար ներկայացված հայտերը»,- նշված է հաղորդագրությունում։