15/12/2022 12:59
Դոնֆրիդը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը չի օգտագործվում Հայաստանի դեմ
Վաշինգտոնը Բաքվի հետ շփումների ընթացքում միշտ անդրադառնում է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին, իսկ Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելիս հաշվի է առնում տարածաշրջանում ԱՄՆ գերակայությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը:
Կովկասում ԱՄՆ-ի վարած քաղաքականության վերաբերյալ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի լսումների ընթացքում ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին՝ հարցնելով՝ արդյոք Վաշինգտոնը բարձրացնում է տվյալ թեման բանակցությունների ընթացքում:
ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը, ով լսումների ժամանակ հանդես էր գալիս որպես վկա, շեշտել է, որ Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկել է մարդու իրավունքների խախտումները:
«Կարող եմ հավաստիացնել, որ (խմբ. կողմերի հետ) զրույցի կարևորագույն թեմաներից մեկը մարդու իրավունքներն են: Անցյալ շաբաթ ես խոսել եմ երկու երկրների ԱԳ նախարարների հետ: Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ իմ զրույցի մի հատվածում հատուկ շեշտադրել եմ մարդու իրավունքների հարցը», - ասել է Դոնֆրիդը՝ հայտնելով, որ դեկտեմբերի 9-ին Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Ադրբեջանի ԱԳՆ-ում աշխատող պաշտոնյայի հանդեպ՝ մարդու իրավունքների խախտումների համար:
«Ուզում եմ շատ հստակ լինել այս հարցում. «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացման մեջ կատարված ուղղումը երկարաձգելու մասին 2022 թ.-ի հունիսի 22-ի որոշումն ընդունվել է տարածաշրջանում ԱՄՆ գերակայությունների մանրամասն ուսումնասիրությունից հետո», - ասել է Դոնֆրիդը:
Նա հավաստիացրել է, որ Վաշինգտոնը ստուգում է և հավաստիանում, որ Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը հնարավոր չլինի օգտագործել Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով, և որ դա չի խոչընդոտում Լեռնային Ղարաբաղում երկարատև քաղաքական կարգավորման շուրջ բանակցային գործընթացին:
Նա կրկնել է, որ Ադրբեջանին տրվող օգնությունն օգնում է ապահովել Իրանի հետ ավելի քան 750 կմ-անոց սահմանի անվտանգությունը և ապահովում է էներգիայի աղբյուրների անվտանգությունը, որը շատ կարևոր է Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցների համար: Ըստ Դոնֆրիդի՝ Ադրբեջանին տրամադրվում է ոչ մահաբեր ռազմական աջակցություն՝ սահմանների անվտանգությունն ապահովելու, մաքսանենգությունը կանխելու նպատակով:
«Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը, որն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին, սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ: 2002թ․Կոնգրեսի կողմից 907-րդ լրացման մեջ կատարած ուղղմամբ թույլատրվում է նախագահի կողմից ակտի կասեցումը և ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին: