15/12/2022 11:55
Պիտի արձանագրեմ՝ առնվազն տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունը Լաչինի միջանցքի խնդրի վերաբերյալ. Փաշինյան
Ադրբեջանի կողմից իր իսկ ստանձնած գրավոր պարտավորությունների խրոնիկ խախտումները միջազգային պատշաճ գնահատականի արժանացնելը մեր հիմնական հավաքական աշխատանքը պետք է լինի, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր դիվանագիտական ծառայությունը, բոլոր գերատեսչությունների արտաքին կապերով զբաղվող ստորաբաժանումները, խորհրդարանական դիվանագիտությունը, կառավարող ուժը, ընդդիմությունը, հասարակական կազմակերպությունները, սփյուռքի ներկայացուցիչները, արտաքին կապեր ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, սոցիալական ցանցերի օգտատերերը պետք է իրենց լուման ներդնեն այս գործում՝ ի ցույց դնելու համար, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի եռակողմ հայտարարության պարբերական խախտումները նախևառաջ ԼՂ-ին ցեղասպանության կամ հայրենազրկման ենթարկելու նպատակ ունեն», - հայտարարեց վարչապետը։
Նա նշեց՝ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է ԼՂ-ն առանց հայերի քաղաքականություն.
«Մենք ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա։ Պիտի արձանագրեմ՝ առնվազն տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունն այս առումով », - ասաց Փաշինյանը։