15/12/2022 11:39
Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանին վերադարձնել առնվազն 33 գերիների, պատանդների և այլ պահվող անձանց. Վարչապետ
Ադրբեջանի շարունակական պնդումները, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում են, կառավարության նիստին այսօր հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանը կոպտորեն և շարունակաբար խախտում է նաև եռակողմ հայտարարության 7-րդ կետը, համաձայն որի, ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ տարածք և հարակից տարածքներ՝ ՄԱԿ-ի փախստականների գծով գլխավոր հանձնակատարի աշխատակազմի վերահսկողության ներքո», - հայտարարեց վարչապետը՝ նշելով, թե մինչև այժմ ՄԱԿ-ի ներկայացուցիչներն Ադրբեջանի կողմից հարուցված խոչընդոտների պատճառով չեն կարողացել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ։
Փաշինյանն ասաց նաև, թե Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որտեղ նշվում է, որ պետք է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակում տեղի ունենա։
«Ադրբեջանը մինչև այժմ պահում է և հրաժարվում է Հայաստանին վերադարձնել առնվազն 33 գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչը հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է», - նշեց վարչապետը։