15/12/2022 18:10
«Պահանջում ենք հրատապ միջոցներ ձեռնարկել Արցախի հումանիտար աղետը կասեցնելու ուղղությամբ». Հայաստանի և Արցախի դատավորների հայտարարությունը
Արցախի Հանրապետության «ԼՂՀ դատավորներ» հասարակական կազմակերպությունը և «ՀՀ դատավորների միություն» ՀԿ նախագահները համատեղ հայտարարություն են տարածել:
«Սույնով ահազանգում ենք Արցախի Հանրապետությունում հումանիտար ճգնաժամի մասին։ Դեկտեմբերի 12-ից՝ առավոտյան ժամը 10:30-ից, ադրբեջանական ուժերը բնապահպանների անվան տակ արգելափակել են Լաչինի միջանցքը՝ Շուշի-Քարին տակ հատվածում՝ կտրելով միակ կապը Հայաստանի ու Արցախի միջև, որի արդյունքում դադարեցվել է նաև Արցախի գազամատակարարումը:
Որպես հետևանք Արցախի Հանրապետության 120 000-ից ավելի խաղաղ բնակիչներ կանգնել են հումանիտար աղետի շեմին, վտանգվել է Արցախի բժշկական հաստատությունների, կոմունիկացիաների, այլ կառուցակարգերի բնականոն գործունեությունը, չեն գործում դպրոցներն ու մանկապարտեզները։ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության գազամատակարարման դադարեցումը, Լաչինի միջանցքը փակելը հանգեցրել են Արցախի հազարավոր մարդկանց՝ այդ թվում երեխաների, ծերերի, հաշմանդամների միջազգայնորեն ընդունված և ճանաչված կյանքի, ապրելու, ազատ տեղարժվելու իրավունքների զանգվածային ոտնահարմանը։
Վերը նշված գործողությունները չեն կարող այլ կերպ մեկնաբանվել, քան Ադրբեջանի տասնամյակներով ձևավորված հայատյաց միասնական քաղաքականության բաղկացուցիչ մաս, որը հայ ազգի հանդեպ էթնիկ ու կրոնական հատկանիշով անհանդուրժողականության և ատելության քարոզչության ակնհայտ դրսևորում է:
Դիմում ենք բոլոր միջազգային կառույցներին, պետական և ոչ պետական կազմակերպություններին, ՄԱԿ, ԵԽ անդամ պետությունների և պահանջում ենք հրատապ միջոցներ ձեռնարկել Արցախի հումանիտար աղետը կասեցնելու ուղղությամբ»,- ասվում է հայտարարութունում: