15/12/2022 11:31
Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ, հնարավոր չէ անվանել. Փաշինյան
Վերջին օրերին հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրաստիճան սրվել է, կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանը նախ արգելափակել է Լաչինի միջանցքը, ապա փակել Լեռնային Ղարաբաղը բնական գազով մատակարարող խողովակը։ Այս սադրիչ գործողությունների հետևանքով ԼՂ բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, հայտնվել են իրենց բնակարանները ջեռուցելու դժվարությունների առաջ։ Հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին։ Բազմաթիվ ընտանիքներ ակամա կիսվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում։ Առողջական ծանր խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայություններից։ Խափանվել են պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները», - հայտարարեց վարչապետը։
Նա նշեց, որ 120 հազար մարդ շրջափակման մեջ փաստացի հայտնվել է պատանդի կարգավիճակում։
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ, հնարավոր չէ անվանել.
«Այդ ճգնաժամն առաջացել է Ադրբեջանի կողմից իր ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու հետևանքով։ Լաչինի միջանցքի փակումը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ուղղակի և կոպիտ ոտնահարում է Ադրբեջանի կողմից այն պարզ հիմնավորմամբ, որ նշված հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո և ադրբեջանական հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը»։