15/12/2022 15:19
Կառավարությունը որոշել է կրկնապատկել մարզիկներին տրվող միանվագ գումարները
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է կրկնապատկել մարզիկներին տրվող միանվագ գումարները: Ինչպես նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, 2022 թ.-ին Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում ՀՀ ներկայացնող մարզիկները ցուցաբերել են աննախադեպ արդյունք:
«Դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 6-ի դրությամբ մենք ունեինք արդեն 298 մեդալ, որից՝ 103 ոսկե, 69՝ արծաթե և 126՝ բրոնզե: Այս պահի դրությամբ արդեն 300-ի սահմանագիծը հատել ենք, որովհետև այս օրերին նույնպես համապատասխան մրցաշարեր են անցկացվում: Մինչ այս ամենաբարձր արդյունքը գրանցել էինք 2019 թ.՝ մարզիկները նվաճել էին 222 մեդալ»,-ասել է նախարարը:
Ըստ այդմ՝ առաջարկվում է կրկնապատկել օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի, Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, նաև հաշմանդամություն ունեցող մարզիկների, եվրոպական խաղերում 1-ինից 3-րդ տեղերը գրաված մարզիկներին, ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին և ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին շնորհվող դրամական մրցանակների չափերը: Մասնավորապես՝ Աշխարհի առաջնություններում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները, համապատասխանաբար, 5, 3,5 և 2 մլն դրամ մրցանակների փոխարեն կստանան 10, 7 և 4 մլն դրամ:
Ազգային հավաքական թիմերի գլխավոր մարզիչներին մեդալակիր և մարզիկների անձնական մարզիչները 2,5, 1,75 և 1 մլն դրամի փոխարեն կստանան 5, 3,5 և 2 մլն դրամ: Գումարները ներառվում են նաև հարկերն ու տուրքերը: Ընդհանուր գումարը ներկայումս կազմում է 707 630 000 ՀՀ դրամ, ծրագրի շահառուները 170 են, առաջիկայում ստորագրման կներկայացվի այդ մրցանակակիրների ցանկը:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է նաև, որ չզեկուցվող հարցերի փաթեթով կառավարությունը հավանություն է տվել մեկ այլ նախագծի, որի արդյունքում «Տարվա լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողներին վճարվող գումարները կավելանան հարկերի չափով, յուրաքանչյուրին կտրամադրվի 6 մլն 330 հազար դրամ՝ ներառյալ հարկերն ու տուրքերը: Հարկերը և տուրքերը վճարելուց հետո յուրաքանչյուր մարզիկ կստանա 5 մլն դրամ: