16/12/2022 16:45
Սկզբունքային է, որ ՄԱԿ-ը զբաղվի Արցախի անվտանգության և ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցերով․ Արտակ Բեգլարյան
Բոլորս գիտենք, որ Ադրբեջանն անընդհատ փորձելու է ահաբեկչական, ցեղասպանական գործողությունների դիմել և անընդհատ փորձում է մեր համբերությունը, մեր արձագանքը և միջազգային հանրության արձագանքը։ Հետևաբար, շատ կարևոր է, որ անընդհատ բարձրաձայնենք, որպեսզի պատշաճ արձագանք լինի միջազգային հանրության կողմից, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ընթացող նստացույցի ժամանակ հայտարարեց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բելգարյանը։
Նա ներկայացրեց միջազգային հանրությանը, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 անդամներին ուղղված իրենց պահանջները։
«Մեր կարճաժամկետ պահանջն է՝ մի քանի օրվա մեջ լուծել մեր հումանիտար խնդիրները, բացել ճանապարհը, նաև օդային հումանիտար միջանցք բացել, որպեսզի ունենանք այլընտրանքային ճանապարհ՝ ոչ միայն ցամաքային, այլև օդային։
Իսկ ավելի երկարաժամկետ առումով մենք ակնկալում ենք, պահանջում ենք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների, հետագայում նաև՝ հակամարտության կարգավորման բոլոր հարցերը քննարկվեն և լուծում տրվեն»,- ասաց Արտակ Բեգլարյանը։
Նա հայտնեց, որ նաև գրավոր պահանջ են նաև ներկայացնելու Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին, որն արդեն ձևակերպված է։
«Որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, ՄԱԿ-ին առնչվող կառույցները պետք է ներգրավվեն Արցախում, այսինքն՝ նաև Արցախում գրասենյակներ ունենան։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է միջազգային անվտանգային կայուն երաշխիքներ տրամադրի Արցախի ժողովրդին․ թե ինչ ձևով, խաղաղապահ առաքելության ինչ կազմով և ինչ այլ քաղաքական ու ռազմական գործիքակազմեր կիրառելով, դա արդեն իրենք կորոշեն, բայց մեզ համար սկզբունքային հարց է, որ ՄԱԿ-ը զբաղվի Արցախի անվտանգության և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցերով, որը կայուն և բարենպաստ միջավայր կապահովի հակամարտության արդարացի, երկարաժամկետ և վերջնական կարգավորման համար, որի համար, իհարկե, ինքնորոշման սկզբունքը գլխավոր առանցքն է»,- հայտարարեց Արտակ Բեգլարյանը։