16/12/2022 10:20
«Հրապարակ». Քառօրյա բլոկադայից հետո կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգից հետո միայն որոշ ՔՊ-ականներ արթնացան թմբիրից
«Հրապարակ» թերթը գրում է. «Թվում էր, թե Արցախի ճանապարհը փակելու առաջին իսկ րոպեներից հայաստանյան իշխանություններն աշխարհին «SOS» կհնչեցնեին՝ պատգամավորները, ԱԳՆ-ն, սորոսականները կկապվեին իրենց բոլոր գործընկերների հետ և միջազգային ճնշում կապահովեին։ Սակայն անգամ աղմուկ բարձրացնելու հարցում սրանք անկարող են։ Քառօրյա բլոկադայից հետո միայն՝ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգից հետո որոշ ՔՊ-ականներ արթնացան թմբիրից և սկսեցին նամակներ գրել։
ՔՊ վարչության նորընծա փոխնախագահ Գևորգ Պապոյանը՝ «որպես ՀՀ խորհրդարանի Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար», նամակ է գրել Իրանի խորհրդարանի գործընկերոջը՝ Սեյեդ Մեհդի Ֆարշադանին։ Արսեն Թորոսյանը նամակներ է հղել Հայաստան-Լիտվա, Հայաստան-Էստոնիա, Հայաստան-Մոնտենեգրո պառլամենտական բարեկամական խմբերի ղեկավարներին՝ մարդասիրական ճգնաժամի մասին»։