16/12/2022 18:20
«Մի քանի ուղղությամբ հարցեր ենք բարձրացրել»․ ՄԱԿ-ի գրասենյակից Արցախի ներկայացուցիչներին հավաստիացրել են՝ պահանջները կփոխանցվեն Նյու-Յորքի կենտրոնակայան
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն ու Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչին փոխանցեցին պահանջներն ու ակնկալիքները, որոնց մասին ավելի վաղ հայտարարել էին։
«Մեզ համար կարևոր էր, որ Հայաստանում ՄԱԿ-ի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչն ընդունեց մեզ։ Իրեն ներկայացրեցինք մեր դիրքորոշումները»,- ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, հանդիպումից հետո հայտարարեց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
Նրա խոսքով՝ իրենց վստահեցրել են, որ պահանջները կփոխանցվեն ՄԱԿ-ի Նյու-Յորքի կենտրոնակայան։
«Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչի գլխավոր ասելիքն էր, որ իրենք մեր բոլոր հայտարարությունններն՝ ուղղված իրենց, նամակները, խնդրանքները, բոլորը փոխանցում են, Նյու-Յորքի կենտրոնակայանում տեղյակ են այս բողոքի ակցիաների մասին և այն մասին, թե ինչ պահանջներ ենք մենք ներկայացնում»,- ասաց Արտակ Բեգլարյանը։
«Մի քանի ուղղությամբ հարցեր ենք բարձրացրել՝ Անվտանգության խորհրդի հետ կապված, որն ավելի շատ ՀՀ կառավարության գործընթացներով է ընթանում, նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր մարմինների հետ կապված։ Այդ թվում՝ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի լռության պատճառների մասին ենք հարցրել և հնարավորությունների, թե ինչպես ՄԱԿ-ի տարբեր մարմիններ կարող են առաքելություն իրականացնել Արցախում ։
Մեծ առումով նրա պատասխանն այն էր, որ իրենք այստեղ նման որոշումներ չեն կայացնում, լիազորված չեն, ուղղակի փոխանցում են մեր դժգոհության ձայնը և մեր պահանջները։ Ավելին իրենք չեն կարող անել։ Մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասով իրենք ասում են, որ այդ մարմիններն անկախ են, այսինքն՝ այստեղի հետ կապ չունեն և առանձին են իրենց որոշումները կայացնում, բայց նաև համոզմունք հայտնեց, որ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակը տեղեկացված է Արցախում իրավիճակի մասին»- զրույցի մանրամասները ներկայացրեց Բեգլարյանը՝ ընդգծելով՝ հատկապես ա՛յս պարագայում է տարօրինակ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հրապարակային արձագանքի բացակայությունը։
Արցախի պետնախարարի խորհրդականը հայտնեց նաև, որ իրենք պայքարը շարունակելու են՝ հասնելու միջազգային հանրության կողմից հստակ դիրքորոշումների արտահայտմանը և հստակ քայլերի իրականացմանը։