16/12/2022 12:49
Կովսականի գրավման մասին Արծրուն Հովհաննիսյանը ցուցմունք է տվել և ասել, որ սխալվել է
44-օրյա պատերազմում Կովսականի գրավման մասին Արծրուն Հովհաննիսյանը ցուցմունք է տվել եւ ասել, որ սխալվել է, երբ հոկտեմբերի 22-ին ասել է, թե հայկական կողմն աննախադեպ հաղթանակ է գրանցել: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«44-օրյա պատերազմից հետո Արծրուն Հովհաննիսյանի մասին այնքան Է խոսվել, որ կարծես թե ասելու բան չի մնացել, բայց...:
Օրերս ծանոթանում էի գործի նյութերին եւ հանդիպեցի հետեւյալ տեղեկատվությանը. 2020թ․ հոկտեմբերի 19-20-ին ազերները գրավում են Կովսականը (Զանգելան), դպրոցի շենքի վրա դնում իրենց դրոշը եւ նկարելով՝ գցում համացանց:
Դրանից մեկ օր անց՝ հոկտեմբերի 21-ին, մերոնք հրաման են ստանում Կովսականում կատարել մարտական առաջադրանք, սակայն ընկնում են շրջափակման մեջ, 40 անձ սպանվում կամ գերեվարվում է:
Դրանից մեկ օր անց՝ հոկտեմբերի 22-ին, Արծրուն Հովհաննիսյանը «Հայլուր» ծրագրի ընթացքում հայտնում է, որ մերոնք ազերներին կոտորել են Կովսականում, իսկ դրոշը կեղծ է:
Հասկանու՞մ եք՝ Կովսականը գրավված, դպրոցի տանիքին դրոշը դրած, մերոնց գործողությունները ձախողված, 40 անձ սպանված կամ գերեվարված, իսկ Արծրունն ասում է՝ չհավատաք. աննախադեպ հաղթանակ ենք գրանցել:
Դե իսկ հետո քննիչի մոտ ցուցմունք է տալիս, որ սխալվել է:
44 օր սրանք մեզ կերակրել են էսպիսի կտերով ու մենք էլ կույր հավերի նման կերել ենք էդ կտերը:
Կա՞ր արդյոք Արծրունի գործողություններում պետական դավաճանության հանցակազմ, թե՞ ոչ՝ դեռ կքննարկենք», - գրել է փաստաբանը։