16/12/2022 18:56
Ինչ իրավիճակ է Արցախի Մարտունու շրջանում՝ Հայաստանն ու Արցախն իրար կապող միակ ճանապարհի արգելափակման պայմաններում
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Արցախի Մարտունու շրջանում առաջացած խնդիրներն արձանագրվում և ուսումնասիրվում են ստեղծված շրջանային օպերատիվ շտաբի կողմից, այնուհետև փոխանցվում հանրապետական օպերատիվ շտաբ՝ համատեղ լուծումներ գտնելու նպատակով, ըստ որի էլ դեկտեմբերի 14-ից իրականացվում է համակարգված աշխատանք, «Արցախպրեսի»-ի թղթակցի հետ զրույցում ասել է շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը:
«Ստեփանակերտի հետ կապող երթուղիները գործում են անխափան՝ նույն գրաֆիկով: Պարենային պաշարների հետ կապված խնդիր առայժմ չունենք: Հացաթխման կետերը շարունակում են իրենց աշխատանքը:
Իրավիճակից ելնելով՝ վառելանյութի լիցքավորման բոլոր կետերի գործունեությունը համակարգվում է հանրապետական օպերատիվ շտաբի կողմից: Արձանագրվել է որոշ դեղերի պակաս, բայց առայժմ առկա պաշարները բավարար են: Արդեն ահազանգ ունենք մանկական սննդի բացակայության վերաբերյալ, ինչը լուրջ խնդիր է: Մարտունու շրջանի մեկ բնակիչ առողջական ծանր վիճակում գտնվում է Հանրապետական հիվանդանոցում և անհապաղ պետք է տեղափոխվի Երևան՝ վիրահատման նպատակով: Մնացած հիվանդները տեղում ստանում են անհրաժեշտ բուժօգնությունը:
Ստեղծված իրավիճակն իր ազդեցությունն է թողնում աշնանացանի ընթացքի վրա: Պահեստավորած վառելանյութի պաշարներով որոշ տարածքներում շարունակվում է ցանքսը, բայց ունենք զգալի նախապատրաստած տարածքներ, որտեղ ցանքս առայժմ չի իրականացվում: Կա նաև որոշակի սերմացուի, պարարտանյութի պակաս, որոնք ներկրվում էին Հայաստանից: Խնդրի առաջ են կանգնում անասնապահները, առանձնապես՝ խոզաբուծությամբ զբաղվողները, ովքեր անասնակերի գերակշիռ մասը ներկրում էին Հայաստանից»,-մանրամասնել է շրջվարչակազմի ղեկավարը:
Նրա խոսքով՝ հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակն՝ առաջարկել են ամբողջ շրջանի հիմնարկ-ձեռնարկություններին, համայնքների աշխատակազմներին, որպեսզի էլեկտրաէներգիան խնայողաբար օգտագործելու նպատակով աշխատաժամանակը բաժանվի մասերի և աշխատողները ըստ այդմ փոխարինեն միմյանց, իսկ մանկապարտեզ չհաճախող, անչափահաս երեխա ունեցող կին աշխատողների աշխատանքը կազմակերպել հեռավար: