16/12/2022 12:29
«Մաքրապատում» շարժման հիմնադիրը կոչ է անում հայ բնապահպաններին մասնակցել Արցախի համար կազմակերպվող ակցիաներին
Մասնագիտությամբ ռադիոինժեներ Հակոբ Միկոյանը, որ սոցիալական ցանցերում հայտնի է որպես «Մաքրապատում» շարժման հիմնադիր (սեփական նախաձեռնությամբ հանրային վայրերից հավաքում է թափված աղբը), հայ բնապահպաններին կոչ է անում ի պատասխան ադրբեջանցի «բնապահպանների» սադրանքների ակտիվանալ, անպայման մասնակցել ի պաշտպանություն շրջափակված Արցախի կազմակերպվող ակցիաներին։
«Յուրաքանչյուրիս մասնակցությունը խիստ կարևոր է, յուրաքանչյուրս կարող է իրավիճակ փոխել, «Մաքրապատումը»-ը դրա վառ օրինակ է. մեկ տարի առաջ որևէ մեկը չէր էլ կարող պատկերացնել, որ աղբ հավաքելու ակցիան այդքան տարածում կգտնի, այդքան շատ մարդ կմիանա, բայց մեկ հոգին կարողացավ սայլը տեղից շարժել, վերաբերմունք փոխել», - Aysor.am-ի հետ զրույցում ասում է Միկոյանը։
Հակոբը մեկնաբանում է իր նախաձեռնությունը` նախ վերականգնել մայր հողի նկատմամբ սերը և դրանով իսկ բարձրացնել մարդկանց գիտակցությունը. եթե անտարբեր ենք հայրենիքի մաքրության հանդեպ և կարող ենք անհոգաբար աղտոտել այն, ուրեմն կարող ենք և հեշտ կորցնել ունեցածը։
Միևնույն ժամանակ ասում է՝ իր նախաձեռնությունը կեղծ և գաղափարազուրկ կլիներ, եթե Արցախի համար այս ճակատագրական օրերին անտարբեր լիներ, ակցիաներին չմասնակցեր։
«Եթե ես խրախուսում եմ հայրենիքի հանդեպ սերը, պատասխանատու վերաբերմունքը, բայց անտարբեր եմ Արցախի խնդիրների հանդեպ, ուրեմն ես ազնիվ չեմ իմ մղումներում։ Հոգատարությունը և Սերը միայն խոսքերով չի արտահայտվում։ Յուրաքանչյուրս գործողությամբ պիտի ցույց տանք, որ կառչած ենք մեր հայրենիքին, որ որևէ մեկի մտքով չանցնի, թե կարող է գալ, տիրանալ մեր հողին», - նշում է նա։
Հակոբ Միրոյանն առանց Արցախի չի պատկերացնում Հայաստան պետությունը ու հայի գոյությունը։ Ասում է՝ այս իրավիճակին անհաղորդ լինելը ամոթ է, ինչպես որ չնախատեսված վայրում աղբ թափելն է ամոթ, անտարբերությունն է ամոթ, ապրումակցել չկարողանալն է ամոթ։
«Դժգոհում ենք միջազգային հանրությունից անտարբերության համար, բայց ինքներս անտարբեր ենք, որևէ խնդիր չենք կարող հաղթահարել, եթե ազգովի «չմաքրվենք»։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է ազատվի պայմանական աղբից»։
Հակոբը ճանապարհը բացվելուն պես պլանավորում է Արցախ գնալ, ինչպես որ պատերազմից անմիջապես հետո է գնացել։ «Հնարավորության դեպքում առավել հաճախ պիտի այցելենք Արցախ՝ այդպիսով ընդգծելով մեր կապը Արցախին ու կառչածությունը՝ Արցախի հողին»։