16/12/2022 17:54
Շառլ Ազնավուրի կյանքի ուղին` «Ֆողմիդաբլը Ազնավուր» համերգ-ներկայացմամբ
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի նախաձեռնությամբ տարին կեզրափակվի «Ֆողմիդաբլը Ազնավուր» նախագծով: Խորհրդանշական է, որ երևանյան բեմում հանդես գալուց հետո Շառլ Ազնավուրին նվիրված համերգ-ներկայացումը տեղի կունենա նաև Գյումրիում, որը 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո մշտապես եղել է մեծ շանսոնյեի և մեծ հայի ուշադրության կենտրոնում:
Դեկտեմբերի 20-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Ֆողմիդաբլը Ազնավուր» երաժշտական ներկայացումը, որի շնորհիվ հանդիսատեսը կհայտնվի Փարիզի «բոհեմական» այն միջավայրում, որտեղ և ձևավորվել է աշխարհահռչակ շանսոնյեի կյանքի պատմությունը:
Ներկայացման ընթացքում կհնչեն լեգենդար երաժշտի լավագույն երգերը, որոնք յուրօրինակ բեմականացման և ձևավորման շնորհիվ հանդիսատեսին կպարուրեն ազնավուրյան երաժշտության լույսի, թախիծի և սիրո ոգեղեն էներգիայով:
«Ֆողմիդաբլը Ազնավուր» համերգ-ներկայացումը բեմադրել է թատերական արվեստում «այլախոհի» համարում ունեցող Ժիլ Մարսալան, որը հայտնի է նաև «Պիաֆ. Շոու», «Պիաֆ. սիմֆոնիկ շոու», «Փարիզ. Շոու» և այլ նախագծերով:
Եզակի և յուրահատուկ ձևավորման, ինչպես նաև վիզուալ նյութերի շնորհիվ «Ֆողմիդաբլը Ազնավուրը» մեծ շանսոնյեի երաժշտական ժառանգությանը նվիրված թերևս ամենից ուշագրավ համերգ-ներկայացումն է, որը միջազգային մամուլի կողմից արժանացել է բարձր գնահատականների: Այն համարվում է ներկայացում, որը երբեք չի դադարում հիացնել հանդիսատեսին («Operette Theatre Magazine») և իրական հրաշք, որով Շառլ Ազնավուրն ինքը կհպարտանար («Radio Canada»): Հատկապես բարձր է գնահատվել շանսոնյեի երգերը կատարող Ժյուլ Գրիսոնը, որն իր հազվագյուտ տաղանդով կարողացել է ամբողջացնել մեծ երաժշտի և մարդու կերպարը («Times Square Chronicles»):
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին , ժամը 19:00 Ազնավուրյան երաժշտության ոգին` «Ֆողմիդաբլը Ազնավուր» համերգ-ներկայացմամբ տեղի կունենա Երևանում Արամ Խաչատրյան համերգասրահում։