16/12/2022 16:55
Ակնհայտ է, որ ճանապարհը բացելը Ադրբեջանի կողմից բարի կամքի դրսևորում չի լինելու․ դրա դիմաց ինչ-որ ակնկալիքներ և սպասելիքներ ունեն․ Միջազգայնագետ
Ադրբեջանը հենց այնպես Արցախը Հայաստանին կապող ճանապարհը չի բացի, լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Պետք է հասկանանք, թե եթե նույնիսկ Ադրբեջանը ճանապարհը բացի, ապա դրա դիմաց մենք ի՞նչ ենք տալիս։ Այսօր սա ամենակարևոր հարցն է, որը պետք է հասկանանք, որովհետև ակնհայտ է, որ դա բարի կամքի դրսևորում չի լինելու, դրա դիմաց Ադրբեջանի իշխանություններն ինչ-որ ակնկալիքներ և սպասելիքներ ունեն»,- ասաց միջազգայնագետը։
Սուրեն Սարգսյանը հավելեց՝ սադրանքներ Ադրբեջանը միշտ է ձեռնարկելու, երաշխիքներ, որ նման դեպքեր այլևս չեն կրկնվի, չկան։
«Չկա որևէ երաշխիք, որ վստահ լինենք, որ նման բաներ այլևս չեն կրկնվելու։ Ադրբեջանը դա կարող է պարբերաբար անել։ Մի դեպքում կարող է անել «բնապահպանների» քողի ներքո, մի դեպքում՝ «առևտրականների» քողի ներքո»,- ասաց միջազգայնագետը։
Չնայած այս հանգամանքին, Սուրեն Սարգսյանը կարևոր համարեց միջազգային հանրության պատշաճ արձագանքը՝ կատարվողին։
«Միջազգային հանրությունը պետք է շատ ակտիվ լինի, հատկապես մարդասիրական կազմակերպությունները, թեկուզ նույն ՄԱԿ-ը, որովհետև սա մարդկանց տեղաշարժի իրավունքի սահմանափակում է, մարդու իրավուքների կոպտագույն խախտում է։ Հարյուր հազարավոր մարդիկ մնացել են որպես պատանդ, որպես գերի»,- ընդգծեց Սարգսյանը։