16/12/2022 14:47
Արցախում առկա իրավիճակը երեխաների կրթության իրավունքի խախտում է. նամակներ են ուղարկվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին
Արցախում առկա իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշտական կապի մեջ է ԱՀ ԿԳՄՍ նախարարության հետ:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանի հետ քննարկել է Արցախի երեխաների կրթության ապահովման խնդիրը: Ներկայում Արցախի շուրջ 22000 երեխաներ զրկված են իրենց կրթության իրավունքի իրացումից՝ ջեռուցման բացակայության պատճառով։
Արցախցի շուրջ 300 երեխաներ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակ լինելու հետևանքով չեն կարողանում ընտանիք վերադառնալ։
Հայաստանում գտնվող երեխաների կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով Սյունիքի մարզպետարանի հետ աշխատանք է տարվում՝ նրանց դասերը ժամանակավորապես տեղի դպրոցներում կազմակերպելու ուղղությամբ։
Առկա իրավիճակը մարդասիրական ճգնաժամ է և երեխաների հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի խախտում։
Խնդրի առնչությամբ համապատասխան նամակներ են ուղարկվել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին։