16/12/2022 10:09
«Ժողովուրդ». Ի վերջո, ի՞նչ բացահայտումներ կլինեն ՊՎԾ-ի ակտիվ ստուգումների արդյունքում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայությունն այս անգամ էլ որոշել է ուսումնասիրություն իրականացնել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող 10 խոշորագույն բժշկական հատատություններում, ինչպես նաև մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններում և Հայփոստում:
Իրավիճակն իսկապես ուշագրավ է, քանի որ վերջին օրերին Պետական վերահսկողական ծառայության կողմից աննախադեպ ակտիվություն է նկատվում, և օրեցօր ավելանում են այն գերատեսչությունները, որտեղ այս կառույցը որոշել է ստուգումներ իրականացնել: Իհարկե, տարեվերջ է, և Պետական վերահսկողական ծառայության ակտիվությունը կարելի է նաև այդ հանգամանքով բացատրել, սակայն, այս ամենից զատ, շատ կարևոր են առաջին հերթին արդյունքները, թե, ի վերջո, ինչ բացահայտումներ կլինեն այդ ստուգումների արդյունքում»։