17/12/2022 19:44
«Ինչպե՞ս կարող ենք անտարբեր մնալ մենք՝ բժիշկներս», «Միջազգային բոլոր հումանիտար կառույցներից պահանջում ենք որոշիչ քայլեր»․ Հայաստանի բուժծառայողներն ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
Հայաստանի բժշկական համայնքի ներկայացուցիչները՝ բուժծառայողները, ակցիա են իրականացնում Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև՝ Հայաստանն ու Արցախը միմյանց կապող միակ՝ կյանքի ճանապարհի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված աղետալի իրադրության կապակցությամբ։ Նրանք մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, միջազգային բոլոր հումանիտար կառույցներից պահանջում են Ադրբեջանի հասցեական դատապարտում և որոշիչ քայլեր՝ ուղղված աղետի խորացման կանխարգելմանը։
«Ադրբեջանի իշխանական էլիտան մի խումբ այսպես կոչված բնապահպանների միջոցով փորձում է սովամահ անել Արցախի 120 000 բնակիչներին։ Ինչպե՞ս կարող ենք անտարբեր մնալ մենք՝ բժիշկներս»,- լրագրողների հետ զրույցում ասաց մանկաբույժ Արա Բաբլոյանը՝ հավելելով՝ միջազգային կառույցներից, հայտարարություններից բացի, գործնական քայլեր են ակնկալում։
«Ինչ-որ տեղ, իհարկե, ուրախանում ենք, որ արձագանքում են, բայց եթե դրանք գործնական արդյունք չեն տալիս, ապա, իհարկե, շատ մտահոգիչ է ։ Հուսանք, որ ավելի որոշիչ քայլեր կարվեն այս հարցը կարգավորելու համար, որովհետև անընդունելի վիճակ է»,- հավելեց Արա Բաբլոյանը։
Մանկաբույժ Սերգեյ Սարգսյանն ընդգծեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը։
«Խոսքը գնում է հումանիզմի պարզագույն սկզբունքների պահպանման մասին։ Համապատասխանաբար կառույցները, որոնք իրենց վրա են վերցնում այդ հումանիզմի սկզբունքների տարածումը, որոնցից առաջինն, իհարկե, ԱՀԿ-ն է և իր կառույցները, պետք է ոչ միայն հավասարության կոչեր, այլ հասցեագրված քայլեր անեն»,- ասաց նա։
Բժիշկ Ռուբեն Գրիգորյանն ընդգծեց՝ թշնամին «բնապահպանական» պատրվակով հումանիտար մեծ աղետ է ստեղծում Արցախում։
«Գիտակցելով մեր թշնամու մարդկային որակները՝ ոչ մի կերպ չենք կարող ասոցացնել տեղի ունեցողը բնապահպանական որևէ խնդրի հետ։ Բնապահպանները նույնպես ինչ-որ չափով հումանիտար գործունեություն ծավալողներ են, շատ սարեր-ձորեր կան, կարող են գնալ, այնտեղ իրենց ակցիան կազմակերպել, վերջապես՝ Բաքվում կազմակերպել, ոչ թե մի սնուցող ճանապարհի վրա, որի հետևանքով կարող ենք ունենալ մեծ հումանիտար աղետ»,- ասաց նա։
Բժիշկը կոչ ուղղեց միանալ իրենց կազմակերպած ակցիային և այսպիսի միջոցառումները դարձնել ավելի լայնածավալ՝ միջազգային հանրությանը ստիպելով գնալ գործնական քայլերի։