17/12/2022 19:00
Ինչու՞ է մինչև 3 տարեկան երեխաներին հակացուցված հեռուստացույց ու մուլտֆիլմեր դիտելը և ի՞նչ մուլտեր պետք է առաջարկել 3-ից բարձր տարիքի երեխաներին․ պատասխանում է մանկական հոգեբանը
Մինչև 3 տարեկան երեխաների համար վնասակար է հեռուստացույց ու մուլտֆիլմեր դիտելը, զգուշացնում են մանկաբույժներն ու մանկական հոգեբանները։ Ինչ վերաբերում է ավելի ավագ տարիքի երեխաներին, ապա նրանց պետք է ցուցադրել այնպիսի մուլտֆիլմեր, որոնք ճանաչողական են, օգնում են ընդլայնել երեխաների մտահորիզոնը։
Այս և մանուկների զարգացման ու հոգեբանության վրա ազդող մի շարք այլ գործոնների և խնդիրների մասին ներկայացնում ենք ռուս գիտնական, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մանկական հոգեբան Ելենա Սմիրնովայի հետ հարցազրույցը՝ թարգմանաբար։
- Ինչու՞ է մինչև 3 տարեկան երեխաներին հակացուցված հեռուստացույց ու մուլտֆիլմեր դիտելը։
- Այդ տարիքում երեխաների ընկալումն այնպիսին է, որ նրանք անխտիր դիտում են այն, ինչը նրանց ցուցադրում են մեծահասակները՝ լինի դա մուլտֆիլմ, թե գովազդ ։ Այս դեպքում նրանց համար կարևոր է ոչ թե բովանդակությունը, այլ թարթող էկրանը, դրա վրա երևացող ու անհետացող պատկերները․ նրանք պարզապես հետևում են էկրանի թարթումներին։ Այդ տարիքի երեխաները մուլտֆիլմը չէ, որ դիտում են, նրանց ընկալումը զուտ զգայական է՝ սենսորային, իսկ դա վտանգավոր է, քանի որ այդ ժամանակ երեխայի ուղեղի կեղևային հատվածների զարգացումը կանգ է առնում, նեյրոնային շղթաները չեն զարգանում։ Էլ չեմ խոսում այն մասին, որ խախտվում է հաղորդակցությունը արտաքին աշխարհի հետ, իսկ ինչն ամենասարսափելին է, կախվածություն է առաջանում։ Երեխային անպայման պետք է լինում, որ ինչ-որ մի բան անդադար շարժվի, թարթի էկրանին, որ իրեն անպայման ցույց տան այն, ինչը, փաստացի, արգելափակում է նրա իսկ ակտիվությունը, կանգնեցնում զարգացումը՝ հենց այդ տարիքում։ Երեխան հաղորդակցության, ակտիվություն դրսևորելու կարիք այլևս չի զգում։ Այդ պատճառով էլ շատ կարևոր է մինչև 3 տարեկան երեխաների ծնողների գիտակցությանը հասցնել, որ շատ փոքր երեխաներին մուլտֆիլմեր ցուցադրելու կարիք չկա, դա վնասակար է։
- Ֆիզիկական զարգացման վրա բացասաբար ազդող այս գործոններից բացի, ի՞նչ այլ խնդիրներ կարող են ծագել, եթե մինչև 3 տարեկան երեխաներին մուտֆիլմեր ցուցադրեն։
- Այդ տարիքի երեխան չի ընկալում, ունակ չէ հասկանալ ու «մարսել» այն, ինչն իրեն առաջարկում են դիտել։ Ո՛չ էմոցիոնալ, ո՛չ հոգեբանական տեսանկյունից նա պատրաստ չէ հասկանալ էկրանից մատուցվող բովանդակությունը։ Ավելի պարզ ասած՝ այդ տարիքի երեխաների համար չնախատեսված հեռուստատեսային բովանդակությունը բացասաբար է ազդում փոքրիկների հոգեբանության վրա։ Այս դեպքում խոսքը զուտ բովանդակության մասին է, ոչ թե մուլտֆիլմի տեմպի, գույների, ուղեկցող երաժշտության, գեղարվեստական արժեքի մասին, քանի որ դրանք ավելի շատ էսթետիկ դաստիարակության ոլորտից են։ Այդ գործոններն էլ են կարևոր, սակայն դա առանձին թեմա է։ Իսկ ինչ վերաբերում է մուլտֆիլմի բովանդակությանը, ապա կան հստակ թեզեր, թե որ տարիքի երեխաներին ինչ մուտլֆիլմեր է պետք ցուցադրել։
- Եվ որո՞նք են այդ չափորոշիչները, ինչպե՞ս հասկանալ՝ ինչ մուտլֆիլմեր առաջարկել 3-ից բարձր տարիքի երեխաներին։
- Առաջինը՝ մուլտիպլիկացիոն ֆիլմը պետք է որոշակի ֆունկցիա կատարի՝ մուլտֆիլմի ֆունկցիա․ ինչի մասին է պատմում այն, ինչպիսին է բովանդակությունը։ Յուրաքանչյուր այսպիսի պրոդուկտ մեծացնում է երեխայի մտահորիզոնը, նրան մեկ այլ իրականություն է տեղափոխում, ծանոթացնում է կյանքի այլ «ոլորտների» հետ։ Ամենակարևորն այստեղ այն է, թե որքանով է այդ նոր իրականությունը համապատասխանում կոնկրետ տարիքի երեխայի հետաքրքրություններին, որքանով է նա ունակ հասկանալ՝ ինչի մասին է սյուժեն, ինչ էին իրեն փորձում պատմել։ Կարևոր է նաև իրադարձությունների միջև տրամաբանական կապի առկայությունը, որ երեխան կարողանա հետևել դրան, իրար կապել իրադարձությունները, ինքնուրույն գտնել պատճառահետևանքային կապը, դասակարգել՝ ինչն ինչից հետո սկսվեց, որտեղից, ինչպես, ապա ինչպես շարունակվեց ու ավարտվեց։ Մենք որոշակի դասակարգում ենք արել՝ 3-4 տարեկան երեխաներ, 4-5 և 5-7 տարեկան երեխաներ։ Տարիքային խմբերն, ինդեքսացիան իրար բավականին մոտ են, բայց երեխայի զարգացումն ու փոփոխությունները հենց այս տարիքում են շատ ինտենսիվ ընթանում, այլ կերպ դասակարգել հնարավոր չէ։
- Ինչպե՞ս են փոքրիկների վրա ազդում ժամանակակից մուլտֆիլմերը։
- «Թոփ» համարվող որոշ ժամանակակից մուլտեր պարզապես դանդաղ ազդեցության ռումբ են փոքրիկների համար։ Ընդ որում, փոքր երեխաներին նստեցնելով հեռուստացույցի առջև և նրանց «հրամցնելով» այդ նոր ու ժամանակակից մուլտֆիլմերը, ծնողները հետագայում ավելի բարդ խնդրի առջև են հայտնվում՝ չեն կարողանում ապահովել երեխաների էսթետիկ դաստիարակությունը, քանի որ նրանք պարզապես դադարում են ընկալել այն, ինչն ավելի գեղեցիկ է, էսթետիկ ու բարձրաճաշակ։ Ժամանակակից իրականության մեկ այլ խնդիր էլ այն է, որ մուլտֆիլմեր արտադրողները, ի տարբերություն սովետական ժամանակաշրջանի, շատ չեն կոնկրետանում այն հարցի վրա, թե կոնկրետ որ տարիքի երեխաների համար են արտադրանք թողարկում։ Բացի այդ, մուլտֆիլմերը, հատկապես լիամետրաժները, սև, գորշ երանգներում նկարահանելու ժամանակակից տենդենցը նույնպես բացասաբար է ազդում մանուկների հոգեբանության վրա, հատկապես, եթե այդ մուլտֆիլմերն ուղեկցվում են նաև փոքրերի համար հաճախ անհասկանալի «սև հումորով», որով իրար հետ փոխհարաբերվում են մուլտհերոսները։
- Այդ դեպքում ի՞նչ է պետք ցուցադրել ժամանակակից փոքրիկներին՝ միայն սովետական արտադրության մուլտֆիլմե՞ր։
- Դրանք ամենաանվնասն են ու ամենաստուգվածը։ Շատ ծնողներ հենց այդպես էլ վարվում են, սակայն այս հարցում երկու տեսակետ կա, որի շուրջ վիճաբանում են նաև մասնագետները։ Մի մասը գտնում է, որ սովետական մուլտերով մեծացող կամ մեծացած ժամանակակից երեխան իրական կյանքում մեծ հակադրության մեջ է հայտնվում, դիսոնանս է առաջանում նրա և արտաքին աշխարհի միջև։ Որոշ հոգեբաններ, օրինակ, ասում են, որ սովետական՝ թեկուզ բարի ու գեղեցիկ մուլտֆիլմերով դաստիարակված երեխան հետագայում, միևնույն է, անպատրաստ է լինում ժամանակակից կյանքի ռիթմին, իրողություններին և կարող է նույնիսկ վերածվել ինֆանտիլի, բայց հարց է ծագում՝ ո՞ր իրականության մասին ենք մենք խոսում։ Մեր քննարկած մուլտֆիլմերը նրանով են հաջողված, որ ժամանակային ձևաչափ չունեն․ եթե այդ մուլտֆիլմերի հերոսները երեխաներ են, ապա նրանք անում են այն, ինչն անում են բոլոր սերունդների երեխաները՝ սովետական, թե ժամանակակից․ սպասում են Ձմեռ Պապին, երգում են, փրկում են շնիկին։ Դրանից պետք չէ վախենալ։ Ինֆանտիլիզմն իրականում այլ բանից է ծագում՝ նրանից, որ այսօր մինչև 10-12 տարեկան երեխաները ինքնուրույն ոչինչ չեն անում․ նրանք փողոց դուրս չեն գալիս, բակում չեն խաղում, կյանքում, կենցաղում կողմնորոշվելու փորձ ու հմտություն ձեռք չեն բերում, ամբողջ օրը գամված են հեռուստացույցին, համակարգչի մոնիտորին կամ բջջայինին, իսկ դա ինֆանտիլիզմի ամենամեծ աղբյուրն է։
Այստեղ շատ կարևոր է նաև ծնողների մոտեցումը․ երեխային պետք չէ հենց այնպես նստեցնել հեռուստացույցի կամ համակարգչի առջև ու թողնել, որ նա դիտի այն, ինչ ուզում է։ Հատկապես նախադպրոցական տարիքի երեխաների ծնողները, մուլտֆիլմն ընտրելուց հետո, այն պետք է դիտեն փոքրիկի հետ, բացատրեն նրան բովանդակությունը, որոշակի մեկնաբանություններ անեն ընթացքում՝ երեխայի ուշադրությունը ճիշտ ուղղորդելու համար, օգնեն նրան՝ հասկանալ բովանդակությունը, ամենակարևորը՝ իմաստն ու ասելիքը, որը էկրանից փոխանցվում է հեռուստադիտողին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։