17/12/2022 17:50
Քույրերի և եղբայրների հարաբերություններն ընտանիքում. Ինչպե՞ս ստեղծել փոխվստահության մթնոլորտ
Քույր-եղբայր հարաբերությունն ընտանիքում շատ կարևոր դեր է խաղում: Իհարկե ծնողները կարող են լավ օրինակծառայել, բայց եղբայր և քույր հարաբերությունն էլ իր հերթին անհատին դարձնում է պատասխանատու և հաջողակ մարդ: Aysor.am-ի հետ զրույցում այս կարծիքն արտահայտեց հոգեբան Էդիտա Միկոյանը, ում հետ զրուցել ենք ընտանիքում երեխաների հարաբերությունների և դրանից կախված ընտանեկան մթնոլորտի մասին։
Հոգեբանն առանձնացրեց մի քանի կարևոր կետեր, որնց շնորհիվ կամրապնդվեն արյունակից հարազատների հարաբերություններն ու կստեղծվի փոխվստահության միջավայր.
Սովորեք լսել. Ամեն օր փորձեք հնարավորություն գտնել հակիրճ խոսելու ձեր եղբոր կամ քրոջ հետ, հատկապես, եթե նրանք դեռ պատանեկան հասակում են: Հաճախ նրանց համար շատ կարևոր է ավագ եղբոր կամ քրոջ ուշադրությունն ու հոգատարությունը։
Յուրաքանչյուր խոսակցություն դիտեք որպես նոր բան սովորելու, ձեր եղբորը կամ քրոջը ավելի լավ հասկանալու և առկա խնդիրները քննարկելու հնարավորություն: Ցույց տվեք ձեր ուշադրությունը և պատասխանեք մտածված, բայց առանց դատելու։ Այս վերաբերմունքը կօգնի դիմացինին վստահել ձեզ:
Խրախուսեք ձեր եղբորը կամ քրոջը դժվարությունների և անհաջողությունների ժամանակ: Մի՛ փորձեք անհաջողության դեպքում մեղադրել եղբորը կամ քրոջը, կամ ստիպել նրանց զղջալ։ Փոխարենը, առաջարկեք աջակցություն և հարմարավետություն:
Հարգեք անձնական սահմանները և ինքնավարությունը: Սովորեցրեք նրանց սահմաններ դնել և լինել ինքնավստահ, որպեսզի կարողանաք օրինակով ցույց տալ, թե ինչպես հարգել ինքներդ ձեզ և ուրիշներին: Հարկավոր է նաև հարգել հոգեբանական սահմանները՝ մի՛ պարտադրեք ձեր կարծիքները կամ գաղափարները, մի՛ փորձեք վերահսկել նրանց մտքերը։ Կարևոր է ընդունել, որ ձեր եղբայրներն ու քույրերն առանձին անհատներ են։
Անձնական փորձից ելնելով խորհուրդներ տվեք։ Համապատասխան խորհուրդները նույնպես ցույց կտան ձեր աջակցությունը: Խորհուրդներ և ուղղորդում տվեք միայն այն դեպքում, երբ դրա մասին ուղղակիորեն խնդրում է դիմացինը: Ընդհանուր և անորոշ խորհուրդներն անօգուտ են, ուստի տվեք խորհուրդներ տարբեր խնդիրներ հաջողությամբ լուծելու սեփական փորձից:
Օգնեք նրանց տնային և այլ գործերում: Ուշադրության կենտրոնում պետք է լինի գործնական օգնությունը. Օգնեք թեմայի վերաբերյալ ձեր գիտելիքներով, տնային գործերում և այնտեղ, որտեղ նրանք իսկապես կդժվարանան։
«Ընտանեկան առողջ և կայուն հարաբերությունները հաստատելը բարդ, սակայն շատ հետաքրքիր գործունեություն է, որն անհատից կպահանջի ծով համբերություն, փոխզիջման գնալու պատրաստակամություն և սեր դիմացինի նկատմամբ։ Ընթացքում փոքր քայլերը կբերեն սպասված արդյունքին, որը չի հիասթափեցնի»,- զրույցն ամփոփեց հոգեբան Էդիտա Միկոյանը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։