17/12/2022 16:03
Վերականգնվելու համար պետք է, որ մեր աջ ձեռքը լինի Քրիստոտսի խաչի վրա, մյուս ձեռքը՝ մեր պատմության վրա․ Արցախի թեմի առաջնորդի ուղերձը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև ․
«Ադրբեջանը պետական մակարդակով մշակված ծրագրերին համահունչ քայլեր է կատարում: Մենք գիտակցում ենք, որ Ադրբեջանը եւ իր կողքին կանգած Թուրքիան երբեք չեն հրաժարվել այն մտադրությունից, որ այս տարածքներն իրենց պետք են առանց հայկական բնակչության: Կարծես թե տարիներն անցնում են, եւ մենք մոռացության ենք տալիս այս փաստը: Կարծես թե պատմությունն ուսումնասիրում ենք, բայց մոռացության ենք տալիս մեր ընթերցածը: Կարծես լսում ենք ցեղասպանությունը վերապրած մարդկանց, բայց չենք լսում: Մենք պետք է հասկանանք ինչու ենք այդպես, ինչու եք այդքան շուտ մոռանում այն, ինչ արձանագրվել է մեր սրտի, հոգու եւ արյան գնով:
Ադրբեջանցին իր ծրագրերից չի հրաժարվելու՝ անկախ այն բանից, թե ինչ պայմաններ իրեն կառաջարկվեն, իրենց գաղափարախոսությունը չեն փոխելու, որովհետեւ դա իրենց ազգայինն է: Խնդիրը մեր մեջ է, թե ինչքանով ենք մենք կարողանաում մեր իսկ հարազատ, բայց մեր անձը կործանող «ես»-ից, մեր միտքը կործանող անտարբերությունից հրաժարվել: 2000 տարի առաջ Քրիստոսն այս խոսքերով է դիմել մարդկանց եւ ազգերին, որ ես եմ ճանապարհը ճշտմարտության եւ կյանքը: Ովքեր ցանկանում են գալ այդ ճանապարհով, պետք է ուրանան իրենց ամեն ինչը, «ես»-ը եւ խաչը վերցնեն իրենց հետեւից:
Մենք դա էլ չենք անում, ոչ Քրիստոսին ենք հետեւում, ոչ էլ մեր պատմությանը, ուստի դառնում ենք խոցելի, իսկ ով խոցելի է, թույլ է եւ տկար: Այս ամենը վերականգնելու համար պետք է, որ մեր աջ ձեռքը լինի Քրիստոտսի խաչի վրա, մյուս ձեռքը լինի մեր պատմության վրա: Սա կնշանակի, որ մեր հոգին եւ միտքը ներդաշնակ են: Մենք միայն այս ճանապարհով կկարողանանք հետեւել լույսին, նայելով դեպի երկինք, թեպետ մեր ճանապարհները փակ են, բայց դեպի վերեւ ճանապարհը բաց է: Սա մեզ պետք է համախմբի միավորի, դարձնի մեկս մյոսին սիրող, ներողամիտ, ներդաշնակ մեր արարքներում: Իրապես ծանր վիճակում ենք, բայց եթե առաջնորդվենք նշածս գործոններով իրապես կհաղթանակենք»։