17/12/2022 16:35
Հունգարիան մեծ կարևորություն է տալիս Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցության խորացմանը․ նոր համաձայնագիր է ստորագրվել Օրբանի, Ալիևի մասնակցությամբ
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի մասնակցությամբ Բուխարեստում համաձայնագիր է ստորագրվել Ադրբեջանից էլեկտրաէներգիան Վրաստանի և Ռումինիայի տարածքով՝ Սև ծովով անցնող ստորջրյա մալուխի միջոցով, Հունգարիա մատակարարելու վերաբերյալ։ Ադրբեջանից ստացված էլեկտրաէներգիայի մի մասը Հունգարիան օգտագործելու է ներքին կարիքների համար, մի մասն էլ արտահանելու է հարևան երկրներ։
«Հունգարիայի, Ռումինիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև էլեկտրաէներգիայի մատակարարման մասին համաձայնագիրը կարևոր քայլ կլինի Եվրոպայի էներգետիկ անվտանգության ամրապնդման ուղղությամբ, որն էներգիայի նոր աղբյուրների կարիք ունի»,- այս առնչությամբ հայտարարել է Հունգարիայի ԱԳ և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։
Ավելի վաղ Հունգարիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ իր երկիրը «ցանկանում է ստանալ որքան հնարավոր է՝ շատ տեսակի էներգիա, որքան հնարավոր է՝ շատ աղբյուրներից և հնարավորինս շատ երթուղիներով»։
«Այս առնչությամբ Հունգարիան մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանից էլեկտրաէներգիայի առաջիկա մատակարարումներին»,- ասել էր Սիյարտոն։
Այսօր արդեն, համաձայնագրի ստորագրման արարողության շրջանակներում Հունգարիայի արտգործնախարարը կրկին ընդգծել է Ադրբեջանից էլեկտրաէներգիայի մակատարարման կարևորությունն իրենց համար՝ նշելով, որ «յուրահատուկ նախագիծ» է կյանքի կոչվում, հազարավոր կիլոմետրեր ձգվող ստորջրյա մալուխի միջոցով իրենք «էկոլոգիապես մաքուր, կանաչ էլեկտրաէներգիա են ստանալու»։