17/12/2022 15:37
Եթե թույլ տանք Արցախի շրջափակում, հայաթափում, դավաճանի պիտակը ազգովի ենք կրելու. Վահե Արսեն
Բանաստեղծ, թարգմանիչ, ԵՊՀ դասախոս Վահե Արսենը մասնակցում է ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մոտ տեցի ունեցող ակցիաներին՝ ի պաշտպանություն շրջափակված Արցախի։ Բանաստեղծն ասում է` 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո բոլոր ցույցերին, ակցիաներին մասնակցում է. չլինելով քաղաքական որևէ ուժի ներկայացուցիչ՝ պարտքն է համարում իր հնարավորությունների սահմաններում պայքարել ստեղծված իրողությունների դեմ։
Հարցին՝ ինչով է պայմանավորում Մայր բուհի տևական անտարբերությունը՝ հաշվի առնելով Արցախի հարցում համալսարանի հարուստ ու պատվախնդիր անցյալը, դասախոսն առանց հապաղելու պատասխանում է՝ նաև դա էր պատճառը, որ առաջին պատերազմում հաղթեցինք, ապա շարունակում՝ հանրությունն է իներտ, այնուամենայնիվ, մտավորականները ինտելեկտով, էմոցիոնալ զգայնությամբ պիտի տարբերվեն ամբոխից, եթե այս իրավիճակում չեն առանձնանում, նշանակում է՝ մտավորական չեն։ Կան մարդիկ, որոնց հետ շփվելն այլևս անհնար է, մարդիկ տարբեր պատկերացումներ ունեն քաղաքականության, Արցախի մասին։ Դադար է տալիս. քաղաքականության մասին տարբեր կարծիքները հասկանալ կարելի է, բայց Արցախի մասին ինչու պիտի կարծիքները տարբերվեին։
«Որոշ մարդիկ իրենց անտարբերությունն արդարացնում են «քաղաքականությամբ չեմ զբաղվում» մեկնաբանմամբ, առանց հասկանալու որ հայրենիքի խնդիրներին, անվտանգային կարիքներին անտարբեր լինելով՝ կորցնում են արժանապատիվ ապրելու բոլոր հնարավորությունները։ Մաս-մաս կորցնում ենք մեր հայրենիքը, իշխանությունն ասում է՝ Սև լճի համար ռազմական գործողություններ չենք անելու, որպես հետևանք կորցնում ենք Իշխանասարը, թշնամին վերահսկում է ճանապարհները, բայց այդ մարդիկ հո քաղաքականությամբ չեն զբաղվում», - ասում է նա։
Հանրության անտարբերությունը բանաստեղծը պայմանավորում է հատկապես պետության վարած քաղաքականությամբ. ազգը թմբիրի մեջ է, զգալի հատվածը՝ մանիպուլյացիաների զոհ։ Աբսուրդ է, որ պետություն ունենալով, ղեկավար ունենալով՝ մարդիկ օտար պետությունների ղեկավարներից են գործողություններ ակնկալում, որովհետև սեփական երկրի ղեկավարն է ակնարկում՝ բոլորը մեղավոր են, ես մեղավոր չեմ, ես պատասխանատու չեմ։
«Թոմաս Էլիոթը բանաստեղծություն ունի՝ եվրոպական հանրությանը ներկայացնում է մահճակալին գամված հիվանդի տեսքով, որ վիրահատական գործողություններին որևէ կերպ չի արձագանքում, ունակ չէ գործողությունների, անզգայացած է։ Էլիոթի այդ բանաստեղծությունը, ցավոք, արդեն նաև մեր հանրության մասին է», - նշում է նա։
Վահե Արսենը ցավով արձանագրում է՝ հայրենիքի կորուստը շատերի կողքով է անցնում, ոտքի տակի հողը տանում են, չեն տեսնում։
«Պետական մակարդակով մարդկանց մոլորեցնում են։ Եթե երկրի ղեկավարն ասում է, թե ինքը թուրք բնորոշումից չի վիրավորվում, ապա փակվում է Լաչինի միջանցքը, հանրության մեջ էմոցիոնալ դիսոնանս կարող է առաջանալ. եթե թուրքը վիրավորանք չէ, ուրեմն թշնամի չե՞ն, բա այդ դեպքում ինչո՞ւ են շրջափակել մեր հայրենակիցներին», - ասում է Վահե Արսենը։
Հարցին՝ որպես բանաստեղծ, մտավորական ինչպես է վերաբերվում հարևաններին, պատասխանում է՝ Շեքսպիրը, Հյուգոն մեզնից առաջ թուրքի նկարագիր սահմանել են՝ «թուրք լինեմ, թե սուտ եմ ասում», կամ «այստեղով անցել է թուրքը»։ Մենք մեր մաշկի վրա զգացածը թողնենք, գրականությու՞ն մեջբերենք, բավարա՞ր չէր 100 տարի առաջվա ցեղասպանությունը, քի՞չ էր 44-օրյա պատերազմը, որ հասկանանք՝ թուրքն ով է։
Վահե Արսենը հույս ունի, որ Լաչինի միջանցքը կբացվի, բայց և ակնկալում է, որ էլ երբեք չի փակվի, կարևորում է նաև այսուհետ առավել հաճախ Արցախ այցելելը։
«Վերջին անգամ Արցախում Մարտունու շրջանի գյուղերի դպրոցներում աշակերտների հետ հանդիպումներ էի կազմակերպել, բոլորիս ամոթն է, որ անգամ երեխաները սկսել են մտածել, որ Մայր Հայաստանը լքել է իրենց։ Եթե թույլ տանք Արցախի շրջափակում, հայաթափում, դավաճանի պիտակը ազգովի ենք կրելու, երբ ազգն ինքն իրեն ուրանում է, արժանի է գնչուի ճակատագրին», - նշում է նա։