17/12/2022 20:22
«Եթե այս անմարդկային պայմանների հետևանքով արցախցին լքի Արցախը, վաղը նույն պայմանները կստեղծվեն հայաստանցու համար»․ Հայաստանի բժիշկները սթափության կոչ են ուղղում
Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ շարունակվում է Հայաստանի բժշկական համայնքի ներկայացուցիչների ակցիան։ Բժիշկները մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, միջազգային բոլոր հումանիտար կառույցներից պահանջում են Ադրբեջանի հասցեական դատապարտում և որոշիչ քայլեր՝ ուղղված Արցախում աղետի խորացումը կանխելուն։
«Մենք ուժեղ կլինենք, եթե լինենք միասին։ Մեզ հետ աշխարհը հաշվի կնստի, եթե տեսնի, որ մենք մեկ բռունցք ենք։ Սա միայն արցախցու խնդիրը չէ, սա համայն հայության խնդիրն է»,- ակցիայի ժամանակ նշեց ԵՊԲՀ վիրաբուժական ամբիոնի վարիչ Գագիկ Հակոբյանը։
«Աշխարհի ցանկացած ծայրում ամեն հայ պետք է իմանա՝ եթե այսօր, այս անմարդկային պայմանների հետևանքով, արցախցին լքի Արցախը, վաղն այդ նույն պայմանները կստեղծվեն հայաստանցու համար»,- ընդգծեց բժիշկը։
Նա հիշեցրեց՝ Ադրբեջանն ու Թուրքիան վաղուց են այդ քաղաքականությունը որդեգրել՝ ստեղծել անտանելի պայմաններ, հումանիտար աղետ, բնակչությանը հասցնել հուսահատության, որպեսզի Արցախը հայաթափվի։
«Բայց հայերը հազարամյակներով ապրել են այդ տարածքում։ Հազար տեսակի թշնամիներ են եկել և անցել, և ոչ մի թշնամի չի կարող մեր կամքը կոտրել։ Մեր այս քայլի նպատակն է, որ համայն աշխարհին, առաջադեմ հանրությանը ներկայացնենք, որ հայերը կոտրվող ազգ չեն։ Հայերը պայքարող, ստեղծող, խաղաղասեր ազգ են։ Մենք խաղաղության կողմնակից ենք, բայց նաև թույլ չենք տա, որ մեր ազգակիցներին նվաստացնեն՝ աշխարհի քար լռության պայմաններում»,- շեշտեց Գագիկ Հակոբյանը։