17/12/2022 20:46
Հայաստանի բժիշկները ցանկանում են մեկնել Արցախ՝ օգնելու ծանր հիվանդներին․ միջազգային մարդասիրական կազմակերպություններից պահանջում են սանավիացիա տրամադրել
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ընթացող ակցիայի ժամանակ ԵՊԲՀ վիրաբուժական ամբիոնի վարիչ Գագիկ Հակոբյանը իր և մյուս բժիշկների անունից հայտարարեց՝ ցանկանում են մեկնել Արցախ և սատար կանգնել իրենց գործընկերներին՝ շրջափակման պայմաններում իրենց մասնագիտական պարտքն իրականացնելու գործում։
«Եթե միջազգային հանրությունը սանավիացիա տրամադրի, մեր շատ գործընկերներ այսօր, հենց այս գիշեր պատրաստ են մեկնել և այն ծանր հիվանդներին, որոնք այսօր Արցախում են գտնվում, օգնել»,- ասաց Գագիկ Հակոբյանը։
Նա դիմեց համաշխարհային մարդասիրական կազմակերպություններին, որոնք միշտ հումանիզմ են քարոզել․
«Սա մարդու իրավունքների խնդիր է։ Երեկ ցույց էին տալիս, թե ձմեռվա այս ցրտաշունչ պայմաններում Արցախում ծննդկանը երեխային ինչպես, ինչ միջոցներով է տաքացնում։ Դա ուղղակի բարբարոսություն է, դա ոչ մի կերպ չի կարելի արդարացնել»։
ԵՊԲՀ վիրաբուժական ամբիոնի վարիչն իր ու գործընկերների անունից ուղերձ հղեց նաև Արցախին․
«Մենք Արցախի մեր հայրենակիցներին ուղերձ ենք հղում՝ երբեք չընկճվեք, մենք էլ ենք պատրաստ բլոկադայի մեջ մտնել, մենք էլ ենք այդ ճանապարհով անցել 90-ականներին, պատրաստ ենք ձեզ հետ այդ ամենը տանել, մի բռունցք լինել, միասին լինել։ Միշտ հաղթում է այն ազգը, որը պայքարում է։ Ծնկած ազգը երբեք չի հաղթի» ։