17/12/2022 09:44
«Փաստ». Նոր ստեղծվելիք կառույցում նախատեսվում է բավական բարձր աշխատավարձեր սահմանել ու արտոնություններ տալ
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս կառավարության կողմից ընդունվեց, այնուհետև խորհրդարանում արտահեթ ռեժիմով հաստատվեց Արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու մասին իշխանությունների նոր նախաձեռնությունը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ՔՊ-ում մոտեցումներն այս հարցի վերաբերյալ այնքան էլ միանշանակ չեն։ Նախնական տեղեկությունների համաձայն, նախատեսվում է ստեղծվելիք կառույցում բավական բարձր աշխատավարձեր սահմանել, պարգևավճարներ տրամադրել, ինչը, տրամաբանական է, հանգեցնելու է պետբյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտությանը, սակայն նախագծում փաստացի չի նշվում, թե ինչ գումարներով է այդ ամենն իրականացվելու։
Բացի դրանից, առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում բացակայում են այդ ծառայության ստեղծման ու պահպանման նպատակով անհրաժեշտ ծախսերի վերաբերյալ կոնկրետ հաշվարկներով հիմնավորված ֆինանսական գնահատականները։ Ըստ էության, իշխանությունների կողմից ներկայացվել է մի նախագիծ, որտեղ բացակայում է դրա ստեղծման հիմք հանդիսացած հետազոտությունների, վերլուծությունների արդյունքները, ինչպես նաև միջազգային փորձի փաստացի վերլուծությունը: Բացի դրանից, դեռևս հստակեցված չէ, թե կառուցվածքային ինչ ստորաբաժանումներից է այն կազմված լինելու և կադրային ինչ բաշխվածությամբ։ Այլ կերպ ասած՝ իշխանություններն իրենց բնորոշ ձևով հերթական փնթի նախաձեռնությունն են կյանքի կոչում։
Հավելենք, որ, ըստ մեր տեղեկությունների, առանցքային համարվող այս կառույցին Նիկոլ Փաշինյանը նախատեսում է տրամադրել բավական արտոնյալ կարգավիճակ և գործելու լայն շրջանակ։ Սա, բնականաբար, լուրջ մրցակցություն է սկսել կառույցի ղեկավարի թեկնածուների առումով: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, դեռևս անորոշ է, թե ով է ղեկավարելու կառույցը, և ներկայում քննարկվում են մի քանի, այդ թվում՝ «էկզոտիկ» անուններ»։