17/12/2022 13:58
Մեծ շեն համայնքի կապը կտրված է մայրաքաղաք Ստեփանակերտից
Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին փակելու պատճառով արդեն հինգերորդ օրն է՝ Բերդաձորի ենթաշրջանի Մեծ շեն համայնքի կապը նույնպես կտրված է մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով արցախցիների մի մասը շարունակում է մնալ Մեծ շենում։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մեծ շենի համայնքապետ Դավիթ Դավթյանն ասել է, որ այս պահի դրությամբ ոչնչի պակաս չունեն գյուղի բնակիչները։
«Բնականաբար, անհանգստացնող է մայրաքաղաքի հետ կապի բացակայությունը, երկարատև լինելու դեպքում կենսական խնդիրների առջև կարող է կանգնեցնել մեր բնակիչներին», - նշել է համայնաքապետը։
Դ. Դավթյանն իրազեկել է, որ ճանապարհին մնացած անձանց մի մասը տեղավորվել է Մեծ շենում։
«Որոշ մեր հայրենակիցների նաև մեր տանն ենք տեղավորել», - ասել է համայնքապետը՝ հավելելով, որ այս օրերին գյուղի դպրոցում շարունակվում է դասապրոցեսը՝ դասասենյակների ջեռուցումն իրականացնելով էլեկտրական տաքացուցիչներով։