17/12/2022 10:22
«Հրապարակ». Խորհրդարանի շենքի պարիսպների երկարությամբ փշալար քաշեցին, հիմա էլ, պարզվում է` բարձրացրել են պարիսպները
«Հրապարակ» թերթը գրում է. «2018-ից հետո քաղաքացիների առջև Ազգային ժողովի դռները բացած իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ով հայտարարում էր, թե քաղաքացիների առջև փակ դռներ այլևս չպիտի լինեն, վերջին երկու տարիներին ոչ միայն փակեց հանրային շենքերի դռները, այլև մի քանի շերտով զոդեց դրանք, որ հավքն իր թևով, օձն իր պորտով չկարողանա անցնել դրանցից։
Փակվեցին ԱԺ-ի, նախագահականի դարպասները, կառավարական առանձնատների ցանկապատի ճեղքերը փակեցին, որ անգամ արանքներից ոչինչ չերևա, մի քանի շերտ ոստիկանական պահակազորներ կարգեցին, վարչապետի, նրա ընտանիքի անվտանգության ուժերը բազմապատկեցին և անվտանգության ծառայողներ կցեցին անգամ այն ՔՊ-ականներին, որոնց դա օրենքով չէր հասնում, բայց քանի որ ընդդիմությանը քլնգում, փաշինյանական ոճի ստատուսներ էին գրում, հատուկ կարգավիճակ ստացան: Խորհրդարանի շենքի պարիսպների երկարությամբ փշալար քաշեցին, հիմա էլ, պարզվում է` բարձրացրել են պարիսպները»։