17/12/2022 19:16
Սերը՝ արվեստում ոգեշնչման աղբյուր․ Տեղի ունեցավ լուսանկարիչ Վահե Ազատիի «Հոգևոր Լույս» ցուցադրությունը
Դեկտեմբերի 16-ին Աբովյան 1/1 հասցեում գտնվող A1 ցուցասրահում տեղի ունեցավ հայ ժամանակակից լուսանկարիչ Վահե Ազատիի «Հոգևոր Լույս» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:
Aysor.am-ը նույնպես այնտեղ էր՝ պարզելու, թե ուր է տանում երիտասարդ արվեստագետի նախանշած հոգևոր լույսի ճանապարհը և ինչ ուղերձներ է ցանկանում փոխանցել Վահե Ազատին՝ իր լուսանկարների միջոցով։
«Լուսանկարչությունը մեզ թույլ է տալիս մոտենալ մարդու ներաշխարհին՝ այն երկու հարթություններում, որոնք մեզ տեսանելի չեն, և կդառնան տեսանելի և լսելի այն ժամանակ, երբ ներկայացված լինեն լուսանկարչության միջոցով»,- ասաց լուսանկարիչը։
Արվեստագետի խոսքով՝ լուսանկարչությունն ունակ է մարդկանց տանել «Հոգևոր Լույս»- ի ճանապարհով, ինչպես և կոչվում է ցուցադրությունը, քանի որ արվեստն արտացոլում է մարդկային կարևորագույն արժեքները՝ հավատարմությունը, սերը։
Ցուցադրությանը միավորված էին լուսանկարչության լույսն ու բանաստեղծական միտքը։
Լուսանկարների համար «բնորդ» ծառայած բանաստեղծությունների հեղինակ Հրանտին մեզ հետ զրույցում նշեց, որ լուսանկարչության ու պոեզիայի համաձուլման միտքը ծնվել է երկու ընկերների զրույցի ընթացքում․
«Բանաստեղծությունները նկարելու փիլիսոփայությունն էր ցույց տալ մարդու էմոցիան և միտքը՝ լուսանկարների միջոցով։ Արվեստի յուրաքանչյուր գործ հոգու խոսք է, որը գալիս է կամ Աստծուց, կամ բնությանը մոտ լինելուց։ Հոգևոր լույսը լուսավորում է միտքդ, լուսավորում է հոգիդ ու փորձում ես այդ լույսը բերել արտաքին աշխարհ»։
Ցուցահանդեսին ներկա էին արվեստի մի շարք գործիչներ՝ ծանոթանալու բանաստեղծության և լուսանկարչության այսպիսի համադրությանը։
Օպերային երգչուհի Գալինա Ցոլակյանն էլ Aysor.am-ի հետ զրույցում լուսանկարչի աշխատանքներն այսպես բնորոշեց․
«Այս ամենը կարծես սիրո խոստովանություն լինի, և սերը նրա արվեստում՝ որպես ոգեշնչման աղբյուր»։
«ABAF Armenia» հիմադրամի հետ համագործակցությամբ կազմակերպված ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունվարի 1-ը՝ հնարավորություն տալով ծանոթանալու երիտասարդ արվեստագետի ստեղծագործություններին, որոնք ներկայացված են բանաստեղծություն-լուսանկար հետաքրքիր համադրությամբ և իրենց տեսակով առանձնանում են ժամանակակից լուսանկարչության արվեստում: