17/12/2022 09:59
«Ժողովուրդ». Փաշինյանը հերթական անգամ հայտարարություն է արել, ապա փորձել հերքել, թե նման բան ամենևին չի ասել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2021 թվականի օգոստոսի 25-ին Ազգային ժողովում ընթանում էր կառավարության հետ հարցուպատասխանը: ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանին իր իսկ խոսքերը, երբ կորոնավիրուսային համավարակի ընթացքում՝ հերթական «կորոնալայվերից» մեկի ժամանակ, վերջինս ասել էր. «… Եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաև ժողովուրդը, որովհետև էս ժողովուրդն է էս կառավարությանը բերել իշխանության»:
Սակայն Նիկոլ Փաշինյանը միանգամից հերքեց` ասելով, թե ինքը նման կերպ չի արտահայտվել: Դեռևս 2020թ. հունիսի 3-ին իր «կորոնալայվում» Նիկոլ Փաշինյանը բառացիորեն ասել էր. «…Եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաև ժողովուրդը, որովհետև էս ժողովուրդն է էս կառավարությանը բերել իշխանության:… Լավ ենք, վատ ենք, էս ենք»:
Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես է աչքի ընկնում մանիպուլատիվ, ոչ ճշտված ինֆորմացիաներ տրամադրելով, և Ազգային ժողովի այս միջադեպն էլ հերթական ապացույցներից մեկն է: Նա հերթական անգամ արել է հայտարարություն, ապա փորձել հերքել, թե նման բան ամենևին չի ասել»։