18/12/2022 12:09
Ադրբեջանը քայլ առ քայլ փորձում է խուճապ ստեղծել, կիրառելով այսպես կոչված salami-slice strategy. Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 17-ին հանդիպումներ է ունեցել Մարտակերտի շրջանում: Պետնախարարին ուղեկցել են նաև Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ՝ ‹‹Ազատ հայրենիք-ՔՄԴ›› խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, «Հայ Հեղափոխական դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը:
Պետնախարարն ու պատգամավորներն այցելել են «Բեյզ Մեթըլս» ընկերություն, հանդիպում ունեցել ընկերության ղեկավարության և աշխատակիցների հետ, պատասխանել նրանց հարցերին:
Խոսելով ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության մասին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ Ադրբեջանը շատ հետևողական, քայլ առ քայլ փորձում է խուճապ ստեղծել և ճնշում գործադրել արցախցիների վրա, որպեսզի նրանք այստեղից հեռանան. «Դա անում են հատուկ ռազմավարությամբ՝ մաս-մաս կտրատելով մեր երկիրը՝ կիրառելով այսպես կոչված salami-slice strategy: Պարզ է նաև, որ նրանց գլխավոր նպատակին հասնելու քայլերից մեկն այս կոմբինատի աշխատանքը կանգնեցնելն է, որովհետև այն եկամուտների, աշխատանքի հնարավորություն է տալիս մարդկանց»:
Նա նշել է, որ այս իրավիճակում երկու սցենար կա: «Առաջինը պայքարելն է: Պետք է ընդունենք, որ նոյեմբերի 9-ից հետո մենք խաղաղություն չունենք, ըստ էության պատերազմը շարունակվում է: Հիմա տեղեկատվական լուրջ պատերազմ է ընթանում, իրենք ուզում են համոզել ողջ աշխարհին, որ այստեղ բնապահպանական խնդիր կա, մինչդեռ իրականությունն այն է, որ սա շրջափակում է, հումանիտար ճգնաժամ: Այս պատերազմում հաղթելու համար մենք պետք է համախմբված լինենք և ամեն ինչ անենք, որ մեր դաշնակիցները զգան, որ մենք ուժեղ ենք: Դու կարող ես օգնության հույս ունենալ միայն այն ժամանակ, երբ ինքդ քո կողմից ամեն ինչ արել ես, ոչ թե ասում ես՝ ես թույլ եմ, փոքր եմ, եկեք ինձ օգնեք», - ընդգծել է Ռուբեն Վարդանյանը:
«Երկրորդ սցենարը, Ադրբեջանի երազած տարբերակն է՝ այստեղից մեր հեռանալը, ինչն անընդունելի է: Մենք դա երբեք չպետք է թույլ տանք: Պատերազմը շարունակվում է, ու այս իրավիճակում մենք պետք է կարողանաք կազմակերպված դիմակայել: Պետք է գտնենք խելացի լուծումներ ու պատրաստ լինենք պայքարի: Ես եկել եմ այստեղ ձեզ հետ միասին պայքարելու և հաղթելու, որ մեր կյանքը, ապագան կառուցենք անկախ, անվտանգ Արցախում», - ասել է նա։
Նա ընդգծել է, որ առաջին անգամ Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ, բայց միաժամանակ ուրախությամբ է արձանագրել, որ դա բացարձակապես չի կոտրել արցախցիների կամքն ու ոգին: