19/12/2022 19:04
Իրան-ազդրային գործակից․ Ինչո՞վ է այն կարևոր առողջության գնահատման գործում
Իրան-ազդրային գործակիցը՝ մարմնակառուցվածքը, առողջական ռիսկերը գնահատող ցուցանիշ է, որը հաշվարկվում է իրանի շրջանագիծը բաժանելով ազդրերի (կոնքազդրային շրջանի) շրջանագծի վրա:
Եթե մարդու իրանի շրջանագիծը 75 սմ է, իսկ ազդրային շրջանագիծը՝ 95 սմ, ապա նրա իրան-ազդրային գործակիցը (ԻԱԳ) կլինի 75/95=0,79:
Իրականում իրանի շրջանագիծն վերաբերում է որովայնին, իսկ ազդրայինը՝ կոնքազդրային շրջանին:
ԻԱԳ-ի առավելագույնս ճիշտ արժեք ստանալը ենթադրում է, որ դուք պետք է ճիշտ չափեք ձեր իրանի և ազդրերի շրջանագիծը: Խոսքը, բնականաբար, չափման ճիշտ տեղամաս ընտրելու մասին է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցների համաձայն՝
պետք է օգտվել չձգվող ժապավենամետրով, իսկ բուն չափման ընթացքում վերջինս պահել հատակին զուգահեռ,
իրանի շրջանագիծը պետք է չափել ամենաստորին շոշափվող կողի և զստոսկրի կատարի միջև ընկած տարածության միջնակետում,
կոնքազդրային շրջանագիծը պետք է չափել հետույքի ամենալայն մակարդակում,
անձը պետք է լինի մերկ, կամ միայն բարակ ներքնահագուստով,
չափումները պետք է կատարել կանգնած, կրունկները կից, ձեռքերը կողք տարածած վիճակում, որը թույլ է տալիս հավասարաչափ բաշխել ենթամաշկային ճարպահյուսվածքը,
բուն չափման ընթացքում անձը պետք է լինի թուլացած, հանգիստ շնչառության վիճակում և արտաշնչման փուլում,
չափումները պետք է իրականացնել առնվազն 2 անգամ․ եթե դրանց միջև տարբերությունը հասնում է 1 սմ-ի, ապա հաշվարկի համար պետք է վերցնել միջինը (1 սմ-ից ավելի տարբերության դեպքում չափումները պետք է կրկնել):
Ի տարբերություն ԱՀԿ ուղեցույցների, ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտն առաջարկում է իրանի շրջանագիծը չափել զստոսկրի կատարի վերին եզրի մակարդակում:
Այնուամենայնիվ, ոչ մասնագետները հաճախ իրանի շրջանագիծը չափում են պորտի մակարդակում, սակայն հետազոտություններով պարզվել է, որ նման մոտեցումը կարող է չվերարտադրել իրանի իրական շրջանագիծը:
Գործնականում, իրանի շրջանագիծը ավելի հեշտ ու ճիշտ է չափել ամենանեղ շրջանում, որը, որպես կանոն, համապատասխանում է պորտից քիչ վերև (հղիության, ճարպակալման և առանձնահատուկ մարմնակառուցվածքի պայմաններում՝ 2,5 սմ վեր) մակարդակում, իսկ կոնքային շրջանագիծը՝ հետույքի կամ կոնքազդրային ամենալայն շրջանում:
ԻԱԳ-ը կիրառվում է որպես անձի առողջական վիճակի և լուրջ կամ ծանր հիվանդությունների զարգացման ռիսկի ցուցանիշ: Հետազոտություններից պարզ է դարձել, որ «խնձորանման» մարմնով մարդիկ առնչվում են առողջության հետ կապված ավելի բարձր ռիսկերի հետ, քան «տանձանման» մարմնով մարդիկ։
ԻԱԳ-ը հաջողությամբ կիրառվում է նաև ճարպակալման (գիրության) աստիճանը գնահատելիս, որն իր հերթին հանդիսանում է այլ, ավելի ծանր հիվանդությունների հնարավորության ցուցանիշ: Ըստ ԱՀԿ-ի սահմանման, որովայնային գիրությունը համապատասխանում է ԻԱԳ-ի տղամարդկանց համար՝ 0,9-ից բարձր և կանանց համար՝ 0,85-ից բարձր արժեքներին կամ մարմնի զանգվածի գործակցի 30-ից բարձր ցուցանիշին:
Տարբեր հեղինակներ պնդում են, որ ԻԱԳ-ի լավագույն ցանկալի ցուցանիշը մինչև 0,7-ն է: Իսկ մարմնի կշռը նվազեցնելու լավագույն տարբերակն առողջ ապրելակերպն է, որը ոչ այլ ինչ է, քան առողջ սննդակարգի զուգակցում ֆիզիկական ակտիվության բարձրացման հետ։
Ոչ հազվադեպ մարմնի զանգվածի կարգավորումը պահանջում է նաև հոգեբանական աջակցություն։ Նման դեպքերում ձեր նպատակը պետք է լինի վարքի փոփոխության և առողջության բարելավման, այլ ոչ թե կորցրած կիլոգրամների վրա կենտրոնանալը։
Առողջությունը բարելավող հիմնական մոտեցումներն են՝
ծխախոտից հրաժարումը,
կանոնավոր ֆիզիկական վարժանքները,
ճիշտ սննդակարգը,
ալկոհոլային խմիչքների օգտագործման կրճատումը,
այլ ռիսկի գործոնների կրճատում կամ վերացում, ինչպիսիք են բարձր արյան ճնշումը և բարձր խոլեստերինը,
բավարար քունը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։