19/12/2022 20:42
Հիմաբջջային քաղցկեղ. Մաշկային հիվանդության առաջացումն ու զարգացման փուլերը
Հիմաբջջային քաղցկեղը (բազալիոմա, հիմաբջջային էպիթելիոմա, մաշկային կարցինոիդ) մաշկի քաղցկեղի առավել հաճախ դիտվող ձևն է։ Ամենից հաճախ առաջանում է միջին և տարեց հասակում գտնվող մարդկանց մոտ։ Տեղակայվում է, բացառապես, դեմքի վրա և, մետաստազներ չի ունենում։ Սկզբնական շրջանում ունենում է ոչ մեծ, կիսագնդաձև կամ տափակ հանգույցի տեսք, շոշափելիս ամուր է՝ վարդագույնին մոտեցող մաշկի բնական գունավորմամբ։
Հիվանդությունն առաջանում է շատ դանդաղ, կարող է ձգվել ամիսներ և տարիներ։ Մեծանալով հանգույցն աստիճանաբար քայքայվում է, մակերեսում նկատվում է արյունային կեղևի գոյացում, որի հեռացումից հետո հայտնաբերվում է թեթևակի արնահոսող փոքրիկ խոց։ Ավելի սակավ հանդիպող մաշկային քաղցկեղը սկսում է ոչ մեծ, խիստ սահմանափակ, մուգ կարմիր գույնի քերծվածքի առաջացմամբ, շրջապատված հազիվ նկատելի, նեղ երիզի տեսք ունեցող գլանով։
Դանդաղորեն մեծանալով, էրոզիաները վերածվում են մակերեսային խոցերի։ Հետագա զարգացումը կարող է ընթանալ տարբեր կերպ։ Մի դեպքում գոյացած խոցը դանդաղորեն մեծանում է, աստիճանաբար տարածվելով դեպի ծայրամաս, իսկ երբեմն էլ կենտրոնում կամ խոցի եզրերից մեկի վրա նկատվում է սպիացում։
Մյուս բոլոր դեպքերում խոցը տարածվում է ոչ միայն մակերեսայնորեն, այլև խորությամբ, աստիճանաբար ինֆիլտրացնելով ու քայքայելով ստորադաս հյուսվածքները՝ ընդհուպ մինչև ոսկրերը։
Հյուսվածաբանորեն, ուռուցքի բջիջները տեղադրվելով մաշկի մակերեսին, շատ անգամ առաջացնում են արտասովոր ցանցավոր գծագրություն։ Ունեն բազմանկյուն կամ երկարաձգված ձև ու սերտորեն հպվում են միմյանց։ Հյուսվածքները հարուստ են քրոմատինով ու մուգ գունավորում ունեն։ Իրենց տեսքով հիշեցնում են վերնամաշկի հիմային շերտի բջիջներին, որտեղից և անվանումը՝ հիմաբջջային քաղցկեղ կամ բազալիոմա։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։