19/12/2022 19:39
Բելգիայի հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են արել Բրյուսելում՝ պահանջելով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա
Սփյուռքի տարբեր կառույցների նախաձեռնությամբ Բելգիայի հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Բրյուսելում՝ Եվրամիությունից, միջազգային հանրությունից պահանջելով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բացելու Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանն իր ելույթում ընդգծել է՝ Եվրոպական միությունից պահանջում են գործնական քայլեր։
Ակցիայի մասնակիցները Բրյուսելում ծածանել են Հայաստանի, Արցախի դրոշները, պաստառներ՝ «Դադարեցրեք ադրբեջանական ագրեսիան» և նմանատիպ այլ գրություններով:
Հայերը Եվրոպական միությունից և միջազգային հանրությունից պահանջել են նաև ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անհապաղ բացելու Լաչինի միջանցքը, Արցախի հայ բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված կոնկրետ միջոցներ ձեռնարկել, ճանաչել Արցախի Հանրապետությունը, հիմնել հումանիտար գործակալություն Արցախում։